Հայաստանը 2018-ին ժողովրդավարության առումով զգալի առաջընթացն արձանագրած երկրներից է.հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Զեկույցում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք 2018 թվականին զգալի առաջընթացն են արձանագրել ժողովրդավարության առումով:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց այդ ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ցույցերով:

Նշվում է, որ շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրեցին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչի արդյունքում շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ:

«Ամիսներ անց, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ:

Խորհրդարանական մեծամասնությունը խոստացել է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկ աշխատելաոճին, հաշվետվողականությանը»,- ասված է զեկույցում:

2018 թվականին ժողովրդավարության առումով առաջընթաց գրանցած երկրներից են նաև Անգոլան, Էկվադորը, Եթովպիան, Մալայզիան: Դիտարկված 195 երկրների թվում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներն են Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Տեսանյութեր

Լրահոս