Բաժիններ՝

Մադուրոն «խելահեղություն» է համարել ԱՄՆ-ի զինված միջամտության պլանները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված միջամտության դեմ իր երկրի ժողովրդի բողոքի փաստաթուղթ է ուղարկելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ 10 մլն վենեսուելացիների ստորագրություններով։

«Այն կստորագրի առնվազն 10 մլն վենեսուելացի, մենք այդ փաստաթուղթը կուղարկենք Սպիտակ տուն՝ պահանջելով հարգել ժողովրդի իրավունքը»,- հայտարարել է նա դիմելով երկրի բնակչությանը: Մադուրոն «խելահեղություն» է համարել ԱՄՆ-ի զինված միջամտության պլանները:

Անցած կիրակի օրը՝ փետրվարի 3-ին, Թրամփը CBS-ին տված հարցազրույցում չի բացառել Վենեսուելա զինված ներխուժման տարբերակը: Միաժամանակ Վենեսուելայի նախագահն «անհեթեթ» է որակել Օտտավայում Լիմայի խմբի հանդիպման ամփոփիչ փաստաթուղթը, հայտարարելով, որ այն «ծիծաղ ու սրտխառնոց» է առաջացնում: Այդ փաստաթղթում Լիմայի խումբը խնդրում է աջակցել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին եւ ապահովել մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր:

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ազգային ժողովին եւ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին՝ ազատ ու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջոցով ընթացիկ ճգնաժամը խաղաղ ու սահմանադրական եղանակով լուծելու նրանց ջանքերում»,- ասված է Լիմայի խմբի ընդունած հայտարարության մեջ:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել Վենեսուելայի զինված ուժերին՝ չխոչընդոտել հումանիտար օգնության փոխադրումներին: Միաժամանակ հայտարարությունը կոչ է բովանդակում համաշխարհային հանրակցությանը՝ արգելափակել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության արտասահմանյան ֆինանական գործառնությունները, այդ թվում՝ նավթային ոլորտում: Դրանում ասվում է, թե չի կարելի թույլ տալ, որ «Մադուրոյի ռեժիմը զբաղվի ֆինանսական ու առեւտրային արտասահմանյան գործառնություններով, ինչպես նաեւ օգտվի արտասահմանում Վենեսուելայի ակտիվներից եւ կարողանա օպերացիաներ իրականացնել նավթի, ոսկու եւ այլ ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ խմբի անդամները հավաստել են, որ դեմ են զինված միջամտությանը Վենեսուելայի ներքին գործերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս