
Թուրք սկանդալային պատմաբան. «Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի»

Պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն այս անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն է Թուրքիայում շարիաթի կանոնների վերադարձին, նույնիսկ Թուրքիայի խորտակման գնով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք, իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։
Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։
Ելույթներից մեկի ժամանակ վերջինս, անդրադառնալով հեռուսահաղորդումներից մեկի ժամանակ ընտրողներին ուղղված հարցերին, վրդովվել է, որ ընտրողները իշխող ԱԶԿ-ին (Արդարություն և զարգաղում կուսակցություն) ընտրելը հիմնավորել են հիմնականում տնտեսական առաջընթացով, այլ ոչ թե՝ ԱԶԿ-ի իսլամիստ լինելով:
«Ասում են՝ ԱԶԿ-ին ճանապարհ ու կամուրջ սարքելու համար ենք ընտրում: Չեն ասում, որ հավատացյալ լինելու համար են քվեարկել: Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի. ես համաձայն եմ: Մի բան է որպես անհավատ մեռնելը, մեկ այլ բան է որպես մուսուլման մեռնելը՝ զուլումի ռեժիմի ներքո: Այդ պատճառով թող իսլամը գա: Ասում են՝ Թուրքիան կխորտակվի: Շատ լավ, եթե նույնիսկ ընդունեմ, որ խորտակվելու է, միևնույնն է համաձայն եմ»,- ասել է իսլամիստ պատմաբանը: