«Ումի՞ց ենք խաղաղություն մուրում՝ մարդուց, ով հայտարարում է, որ երբեք թույլ չի տա, որ Արցախն անկախ լինի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո պարտադրված է հայտարարել, թե նրա հետ 1,5 ժամ քննարկել են Արցախի բանակցությունների պատմությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Դավոսում Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որը տևել էր 1,5 ժամ։ Հանդիպումից հետո Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ Ալիևի հետ քննարկել են բանակցությունների պատմությունը՝ բանակցություն չի եղել։

«Փաշինյանը ստիպված էր մի բան «սղցնել», քանի որ ակնհայտ է, որ նրանք ունեցել են բովանդակային քննարկում, որից հետո Փաշինյանը մի բան պետք է ասեր, դե մտքին դա է եղել, էդպես է ասել։ Չնայած սա այն դեպքն էր, որ երբեմն ավելի լավ էր լռեր, քան խոսեր։ Որովհետև եթե ՀՀ վարչապետն ուզում էր պատմությունը ուսումնասիրել, ապա նրան որևէ մեկը չէր խանգարում՝ Ռոբերտ Քոչարյանին ոչ թե կալանավորեր, այլ հանդիպեր նրա հետ՝ որպես Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, և ճշտեր պատմությունը։ Որևէ մեկը չէր խանգարում հանդիպել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի և Վարդան Օսկանյանի հետ՝ որպես հիմնական բանակցողներ։ Եթե ՀՀ վարչապետը պետք է պատմությունն ուսումնասիրի Ալիևի և Մամեդյարովի հետ, ապա կարծում եմ՝ սա լավ բանի չի բերի՝ Փաշինյանը կարող է ընկնել նրանց ազդեցության տակ։

Մենք տեսել ենք, թե ադրբեջանական դասագրքերում ինչեր է գրված, Ալիևն ինչեր է հայտարարում, ընդհուպ մինչև այն, որ Երևանն ադրբեջանական տարածք է։ Եթե նման բան եղել է, ուրեմն շատ վատ է, և եթե որևէ բան է եղել, որը Փաշինյանը բաց չի արտահայտել՝ կրկին վատ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ վարչապետը բանակցությունների պատմությունը արդյո՞ք պետք է Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկի։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ փորձագետներ և պետության նախկին ղեկավարներ, որոնց հետ ՀՀ վարչապետը կարող էր նստել ու քննարկել բանակցությունների պատմությունը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իրեն պետք է պահի պետության ղեկավարի նման, քանի որ նա բոլորի վարչապետն է՝ պետք է հաշվի նստի բոլորի կարծիքի հետ, այլ ոչ թե գիծ քաշի ու ասի՝ սա սև է, նա՝ սպիտակ է, սա՝ հեղափոխական է, նա՝ հակահեղափոխական։

Այս ամենը հաշվի առնելով Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, նրա ղեկավարած տնտեսությունն էլ, արտաքին քաղաքականությունն էլ։

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո տարածված հայտարարությանը, թե ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կոնկրետ ՀՀԿ-ն խաղաղության դեմ չէ, որևէ մեկը խաղաղության գինն ավելի լավ չգիտի, քան Հանրապետական կուսակցությունը։

«Մեր կուսակցությունը ստեղծվել է՝ որպես անկախության բանակի հետևորդ, որի անդամները մասնակցել են Արցախի պատերազմին։ Մեր կուսակցության առնվազն երկու ղեկավար՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը  և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երկուսն էլ այդ պատերազմի հերոսներ են, Անդրանիկ Մարգարյանը Գետաշենի պաշտպանության առաջամարտիկներից մեկն է եղել, Աշոտ Նավասարդյանը՝ անկախության հիմնադիրներից։

Մենք ինչպե՞ս կարող ենք խաղաղության գինը չիմանալ, կամ մենք ինչպե՞ս կարող ենք ցանկանալ, որ լինի պատերազմ։ Խոսքն այլ բանի մասին է, մենք ումի՞ց ենք խաղաղություն մուրում, մի մարդուց, ով հայտարարում է, որ երբեք թույլ չի տա, որ Արցախն անկախ լինի, ով գլուխ է գովում, որ Նախիջևանում 11 հեկտար առաջ է անցել, ով Սաֆարովին հերոսացնում է, ու այսքանից հետո մեր վարչապետն ասում է, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց։

Մենք Ադրբեջանին պետք է խաղաղություն պարտադրենք, զիջել ենք, էլի, էլ ի՞նչ զիջենք, ի՞նչը պետք է զիջենք։ Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թեզն այսօր հնչում է մեր խորհրդարանի ներկայացուցիչների շուրթերով»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս