
Բեն Աֆլեքը Բեթմենին չի մարմնավորի գերհերոսի մասին նոր ֆիլմում

Դերասան Բեն Աֆլեքը, որը Բեթմենի դերակատարն էր «Բեթմենը Սուպերմենի դեմ. Արդարության արշալույսին» (2016 թ.) եւ «Արդարության լիգա» (2017 թ.) ֆիլմերում, գերհերոսի դերին չի վերադառնա «Բեթմեն» կինոնկարում, որի թողարկումը պլանավորված է 2021 թվականին: Այս տեղեկատվությունը դերասանը հաստատել է Twitter-ի իր էջում։
«Սպասում եմ «Բեթմենի» թողարկմանը 2021 թվականի ամռանը, ուրախ կլինեմ տեսնել Մեթ Ռիվզի («Բեթմենի» ռեժիսորի եւ սցենարիստի) գաղափարների մարմնավորումը»,-գրել է Աֆլեքը՝ մեկնաբանելով Deadline պորտալի հրապարակումն այն մասին, որ ինքը գերհերոսին չի մարմնավորելու նոր կինոնկարում:
Deadline-ի տեղեկատվության համաձայն, «Բեթմենը» կներկայացնի երիտասարդ Բրյուս Ուեյնի պատմությունը: Գլխավոր դերակատարի որոնումը դեռեւս շարունակվում է: Պորտալը նաեւ հայտնել է, որ Աֆլեքն այժմ զբաղված է Քեյթ Էլիս Մարշալի «Ես դեռեւս ողջ եմ» վեպի էկրանավորմամբ: Նա կատարելու է գլխավոր դերերից մեկը եւ հանդես է գալու որպես կինոնկարի պրոդյուսեր:
Բեթմենը DC հրատարակչության կոմիքսների հերոսն է, ամենահայտնի գերհերոսներից մեկը, միլիարդատեր Բրյուս Ուեյնի գաղտնի ալտեր-Էգոն: Բացի Աֆլեքից, Բեթմենի դերը տարբեր տարիների խաղացել են Ադամ Ուեսթը, Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին եւ Քրիստիան Բեյլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: