
Հայտարարվել են աշխարհի ամենաձնառատ քաղաքները

Միացյալ Նահանգների AccuWeather ընկերության մասնագետները կազմել են աշխարհի՝ 100 հազարից ավելի բնակչություն ունեցող ամենաձնառատ քաղաքների վարկանիշը: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Ցանկում առաջին տեղն զբաղեցրել է Ճապոնիայի Աոմորի քաղաքը: Այստեղ ձյուն է տեղում գործնականում կես տարի՝ նոյեմբերից մինչեւ ապրիլ, իսկ ձնաթմբերը կարող են հասնել ութ մետրի: Երկրորդ հորիզոնականում է Ճապոնիայի եւս մեկ քաղաք՝ Սապպորոն: Այստեղ ձնաթմբերը կարող են հասնել հինգ մետրի, իսկ տեղացի բնակիչներն ամեն տարի կազմակերպում են ձյան փառատոն, որին զբոսաշրջիկներ են ժամանում մոլորակի բոլոր ծայրերից:
Վարկանիշի բրոնզը նույնպես բաժին է հասել Ծագող արեւի երկրին: Երրորդ տեղում է Տոյամա քաղաքը: Դեկտեմբերից մինչեւ մարտ տարածաշրջանում ավելի քան 3,5 մետր ձյուն է տեղում: Լավագույնների հնգյակը եզրափակում են Կանադայի երկու քաղաքներ՝ Սենտ Ջոնսը, որտեղ ձնաթմբերի բարձրությունը չի գերազանցում 3,5 մետրը, եւ Քվեբեկը, որը տեղը բաժանել Է ԱՄՆ-ի Սիրակուզիի հետ. այդ քաղաքներում տեղում է երեք մետրից փոքր-ինչ ավելի ձյուն: Ամենաձնառատ քաղաքների վարկանիշ են մտել Կանադայի Սագենեյը, Ճապոնիայի Ակիտան, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների Ռոչեստերը եւ Բուֆալոն: