Թուրքիան դասվել է ամենակոռումպացված երկրների շարքին
«Transparency international» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»։ Ինդեքսում տեղ գտած 180 երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 78-րդ տեղը։
Կազմակերպությունն արձանագրել է, որ 2018թ․ աշխարհում ընդհանուր առմամբ կոռուպցիայի աճ է նկատվել։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 100 հնարավորից 50 կամ պակաս միավոր ստացած երկրներն ընդգրկվել են «կոռումպացված» երկրների ցանկում։
Ամենաբարձր միավորը ստացել է Դանիան (88)՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում 87 միավորով Նոր Զելանդիան է, իսկ երրորդ տեղը միաժամանակ զբաղեցրել են Շվեդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան և Սինգապուրը։
Թուրքիան ստացել է 41 միավոր՝ այդպիսով ընդգրկվելով «կոռումպացված երկրների» ցանկում։ Կազմակերպության տվյալների համաձայն՝ Թուրքիան, Սանտա Լուսիան, Բահրեյնը, Սիրիան և Հունգարիան վերջին 5 տարում ամենից շատ հետընթաց գրանցած երկրներն են։ Թուրքիան այդ ընթացքում կորցրել է 8 միավոր։
Հետազոտության համար հիմք են ընդունվել օրենքի գերակայության սկզբունքի, մամուլի ազատության, քաղաքացիական հասարակության ուժի, հավաքների և խոսքի ազատության վիճակը։ Արձանագրվել է, որ նշված ոլորտներում կատարվող խախտումները թույլ չեն տալիս Թուրքիային՝ հասնել միջազգային միջին ցուցանիշին։
«Ժողովրդավարական անբաժանելի մասը կազմող կառույցների դիրքերի հետզհետե թուլացմանը զուգահեռ Թուրքիան Կոռուպցիայի ընկալման ինդեքսում հայտնվում է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրների հետ նույն խմբում», -ասված է զեկույցում։