«Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումները վտանգավոր են». Քաղաքագետ

«ՀՀ իշխանությունների կողմից չեմ տեսել այնպիսի քայլ, որը կարող է Արցախին վերադարձնել բանակցությունների սեղանին։ Այս հարցում մենք կոնկրետ պետք է փոխենք բանակցությունների բովանդակությունը։ Երբևէ որևէ հայտարարության, բացատրության մեջ չեմ տեսել, որ այդ հարցը մտնի Փաշինյան-Ալիև բանակցությունների և Մինսկի խմբի օրակարգ։ Ադրբեջանին հստակ ձեռնտու չէ Արցախի մասնակցությունը, կարծում եմ՝ նրանք կոշտ դիրքորոշում կցուցաբերեն։ Ըստ իս, համանախագահները դժվար թե օժանդակեն այս հարցում, քանի որ այժմ մենք ունենք քիչ թե շատ կայունացած ֆորմատ, եթե Արցախը մասնակցի բանակցությունների՝ համանախագահները լուրջ խնդիրներ կունենան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ իշխանությունները, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, որի մասին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին էլ՝ կարևո՞ր են Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումները, Աղասի Ենոքյանը պատասխանեց՝ ոչ պաշտոնական հանդիպումները վտանգավոր են։

«Երևի Փաշինյանը ժամանակ չի ունեցել, որպեսզի լրջորեն ներգրավվի այս գործընթացի մեջ, և ինձ համար շատ տարօրինակ է, որ այդ հանդիպումների ժամանակ Արցախի հարցը չի քննարկվում»,- եզրափակեց Ա. Ենոքյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս