Գերմանիայում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա պաշտոնական այցի առաջին օրը բավական հագեցած էր և արդյունավետ։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ ամփոփելով վարչապետի այցի առաջին օրը։

«Օրը սկսվեց KFW բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումով։ Այդ բանկը բավական ներգրավվածություն ունի Հայաստանում՝ իրականացնելով մի քանի ծրագիր։ Վարչապետը քննարկում էր այդ ծրագրերի ընթացքը։ Կարող եմ ընդգծել, որ բանկն ունի շահագրգռվածություն շարունակել մնալ Հայաստանում, նոր ծրագրեր նախաձեռնել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Նա անդրադարձավ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև հուշագրի ստորագրմանը՝ նշելով, որ լավ հիմք է կրթության ոլորտում համատեղ աշխատելու համար։

«Վարչապետը Քյոլնի տեխնիկական համալսարանում հանդես եկավ ելույթով, ինչը ջերմորեն ընդունվեց։ Նա խոսեց մեր առաջնահերթությունների, գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաներում մեր նվաճումների մասին։ Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք տարբեր էին։ Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ մեծ է», – ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս