«Սահակյանշին» ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքների պահանջները
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաև 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը: Արդյունքում ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են միջոցներ` պետությանը պատճառված վնասը վերականգնելու և հնարավոր կոռուպցիոն պայմանավորվածությունները բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: