ՀՀ կառավարությունը մտադիր չէ կասեցնել «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղյակ չէ, թե չինացիներն ինչ են անում «Նաիրիտ» գործարանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակմանը, որ սնանկության գործընթացի շրջանակներում մտադրություն կա բութադիենային տեխնոլոգիան վաճառել Չինաստանին, որը լրջորեն կվնասի «Նաիրիտին», Խաչատրյանը նշեց, թե չինացիների մասին տեղեկացված չէ, գիտի միայն, որ հետաքրքրություն ունեն։
Ըստ նրա՝ եվրոպացի ներդրողների հետ քննարկումներ են եղել, բայց նրանց տեսակետները շատ վաղ շրջանում են.
«Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում։ Բայց այն քննարկումները, որ իրականացվում են, գտնվում են մասնագիտական հարթության վրա, այսինքն՝ խոսող կողմն այդ ծրագրի օգտին տիրապետում է և՛ տեխնոլոգիական, և՛ կազմակերպական հստակ գործառնության»։
Մեր հարցին՝ ճիշտ չի՞ արդյոք կասեցնել «Նաիրիտի» սնանկության գործընթացը, այլապես «քարը քարի» վրա չի մնա, մինչև որոշում կայացվի, նախարարը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, կան դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ՝ սնանկացման գործընթացը կազմակերպողներ։ Պե՞տք է կասեցնել, թե՞ ոչ՝ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կողմերից մեկի նախաձեռնությամբ»։
Մեր դիտարկմանը, որ տրամաբանորեն՝ կառավարությունը պետք է դիմի դատարան, եթե միտք ունի վերագործարկելու, Խաչատրյանը պատասխանեց, թե կառավարությունը դեռ չունի առարկայական հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր. «Մենք դեռևս այդ փուլում չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում