Բաժիններ՝

Շուրջ 40 կազմակերպություն թույլտվություն ստացավ Երևանում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շուրջ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ:

Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժեց Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու իրավունքից: Մերժվեցին նաև քաղաքացիներ Սարգիս Կարապետյանի և Իգոր Խաչատուրովի՝ համապատասխանաբար, Տերյան 69 և Նալբանդյան 98 շենքի հ. 13, 16, 26 և 35 հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները:

Երևանի քաղաքապետը նշել է, որ ոլորտը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցումներ, իսկ մինչ այդ Հայկ Մարությանն ակնկալեց ճանապարհային ոստիկանության հետևողական գործունեությունը:

«Հրապարակները պետք է լինեն և ծառայեն որպես հրապարակներ»,- ընդգծել է Մարությանը:

Շահումյան հրապարակը մենք վերադարձնում ենք երևանցիներին: Սա շատ սիրուն հրապարակ է: Երեկոյան ես մեկ-մեկ զբոսնում եմ, և երբ մեքենաներ չկան, նոր միայն տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Ես կցանկանայի, որ բոլորս նաև ցերեկվա ժամերին այդ գեղեցկությունը վայելենք: «Գնդակն» այս պահին ոստիկանության դաշտում է, և իրենք պետք է ապահովեն այս որոշման իրականացումը»,- նշել է քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս