ՀՅԴ-ն իր մոտեցումների մասին խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, Դաշնակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չի լինելու ընտրությունների արդյունքների հետ, այսինքն՝ Դաշնակցությունն իր գործունեությունը շարունակելու է՝ անկախ այն հանգամանքից` լինելո՞ւ է խորհրդարանում, թե՞ ոչ։
«Դաշնակցությունը հայ իրականռության մեջ, եթե չասեմ՝ միակ, ապա ամենակայացած կուսակցությունն է, չկա այնպիսի կուսակցություն, որը ներկա է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն վայրերում, որտեղ կա հայություն, առաջին հերթին՝ Արցախում և սփյուռքի բոլոր հատվածներում։ Մեր գործիքակազմը բխում է մեր ծրագրից, մեր ուժի աղբյուրը ժողովուրդն է, համասփյուռ հայությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ հետագա համագործակցությանը, Արմեն Ռուստամյանը նկատեց՝ ժամանակին հրապարակել էին հայտնի յոթ կետեր և հայտարարել, որ Դաշնակցությունը կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն այդ կետերը։ Սակայն այս փուլում հստակ արձանագրել են, որ Հայաստանը կանգնած է կարևոր ջրբաժանի առջև։
«Պետք է համախմբենք ուժերը և գիտենք, որ ունենք առնվազն երկու պետություն, որոնք թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ՝ դա թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Դաշնակցության կարծիքով՝ Հայաստանն ինչպիսի իշխանություն էլ ունենա, պետք է գործի այդ օբյեկտիվ պայմաններում, Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով, այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, որ Հայաստանի զարգացումը պետք է ապահովի այն, որ չպետք է զիջենք մեր ազգային նպատակները։ Ով որ կընդունի հայեցակարգային այս մոտեցումը, մենք պատրաստ ենք ամենասերտ համագործակցությանը, իսկ ով չընդունի՝ կլինենք առճակատվող ընդդիմությունն այդ ուժին»,- նշեց Ա. Ռուստամյանը։
Նա նաև փոխանցեց, որ բոլոր այս մոտեցումների վերաբերյալ խոսել են ՀՀ վարչապետի հետ, եթե այդ մոտեցումներն այսօրվա իշխանություններն ընդունեն, ապա պատրաստ են նրանց հետ համագործակցության։
Զվարթ Խաչատրյան