
Մոսկվան խոստացել է ամեն ինչ անել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին աջակցելու համար

Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները հրապարակայնորեն վարչակարգի անօրինական փոխման ուղին է բռնել: Այնուամենայնիվ, դա չի վերացնում առկա բոլոր միջոցներով միջազգային իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Լավրովը:
Բացի դրանից, նա հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմությունն ԱՄՆ-ից ստանում է ոչ մի զիջման չգնալու ազդանշաններ:
«Մեր տվյալներով՝ այդ ընդդիմադիր շարժման ղեկավարները, որոնք հայտարարել են երկիշխանության մասին, Վաշինգտոնից ստանում են ոչ մի կարգի զիջումների չգնալու ցուցումներ, մինչեւ վարչակարգն այս կամ այլ եղանակով չհրաժարվի իշխանությունից»,- նշել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: