
Պաղեստինի կառավարությունը հրաժարական տվեց. Asharq Al-Awsat

Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Asharq Al-Awsat թերթը:
Առկա տեղեկատվության համաձայն, Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին:
Պաղեստինյան կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Աբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեն հանձնարարել է կազմել նախարարների նոր կաբինետ, որի կազմում ընդգկվեն Պաղեստինի ազատագրման կազմակերպության բոլոր խմբակցությունները:
Այն պետք է փոխարինելու գա Ռամա Համդալլայի ազգային համաձայնության ներկայիս կառավարությանը: Գործող վարչապետը, ինչպես հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Յուսեֆ ալ Մահմուդը, արդեն «իր նախարարների կաբինետը հանձնել է Աբասի տնօրինմանը»:
Բացի այդ, նրա խոսքով, կաբինետի բոլոր անդամները պաշտպանել են ՖԱԹՀ-ի կենտկոմի հանձնարարականները, իսկ շարժման մեջ նշել են, որ նրա անդամներից կձեւավորվի հատուկ կոմիտե, որը երկխոսություն կսկսի բոլոր կողմերի հետ համաձայնգցված անկախ դեմքերից նախարարների նոր խորհուրդ կազմելու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: