
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է». Շարմազանով

«Մեր արդարադատությունը խայտառակ վիճակում է։ Առաջին իսկ օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է և խայտառակություն։ Այո, կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ քաղաքական հետապնդում իրականացվում է միայն Ռ. Քոչարյանի՞ նկատմամբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված էլ:
«Ձայնագրությունները չե՞ք լսել։ Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր կբռնեն, ու խելքը գլուխը կգա, էլ քաղաքական հետապնդումն ինչպե՞ս եք պատկերացնում»,- ասաց Է. Շարմազանովը։
Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, որը, ըստ Է. Շարմազանովի՝ այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ:
«Չեմ ասում, որ այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեին, յուրաքանչյուր իշխանություն ունի սխալ։ Իմ կարծիքն էիք ուզում լսել՝ ասացի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Զվարթ Խաչատրյան