Բրիտանիան ԵՄ-ի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ կսահմանի առանց գործարքի Brexit-ի դեպքում. FT
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդին: ՆԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ «կոշտ» Brexit-ի դեպքում մարտի 29-ից հետո Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ «մեկընդմիշտ» կդադարի քաղաքացիների ազատ տեղաշարժը, ինչը «համապատասխանում է հանրաքվեի արդյունքներին»:
«Մենք պետք Է գործնական մոտեցում ցուցաբերենք եւ նվազագույնի հասցնենք բոլոր խախտումները՝ երաշխավորելու, որ Մեծ Բրիտանիան բաց է մնում գործարարության համար: Ուստի մենք ըստ ժամանակի սահմանափակիչ անցումային մեխանիզմներ կմտցնենք եւ Եվրամիության այն քաղաքացիներին, որոնք կժամանեն մարտի 29-ից հետո, ժամանակավոր մնալու թույլտվություն կտրամադրենք»,- ասել է Ջավիդը:
Առանց գործարքի Brexit-ի սցենարի համաձայն՝ Եվրամիության քաղաքացիները պետք է Մեծ Բրիտանիայում ժամանակավոր մնալու թույլտվություն ստանան, եթե նրաք մտադիր են թագավորությունում մնալ երեք ամսից ավելի: Սույն միգրացիոն կարգավիճակը կտրվի մինչեւ երեք տարի ժամկետով, իսկ այն ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել մաքս եւ անցնել ինքնության պարզման եւ ստուգման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: