ՀՅԴ-ն կողմնակից է Հայաստանի բազմաբևեռ ու փոխլրացնող արտաքին քաղաքականությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած 33-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով հայտարարություն է ընդունել: ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը:

«2019 թ. հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը արձանագրելով, որ՝

  • Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը.
  • Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները.
  • Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում.
  • Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը.
  • Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում.
  • Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը.
  • Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը.

Հայտարարում է՝

  • Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։
  • Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.
  • Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը.
  • Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին.
  • Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը.
  • Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.
  • Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ.
  • Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։

Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման»:

Տեսանյութեր

Լրահոս