Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ում
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունն անցկացվել է հունվարի 28-ին Թել Ավիվում:
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում։
Հանրային հեռուստատեսությունն օրերս ավարտել էր «Եվրատեսիլ-2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել էր շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Սրբուհի Սարգսյանը նշել էր, որ իր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու և եվրատեսիլյան երգն իր սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար:
Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:
2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:
Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում: