
Յուրի Խաչատուրովը մասնակցում է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Այսօր Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը հրավիրված էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Լրագրողների հետ կարճատև զրույցում Յ. Խաչատուրովը նշեց, որ հայ զինվորին միայն հաղթանակ և առողջություն է մաղթում: «Որևէ բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք, վերջ»,- ասաց Յ. Խաչատուրովը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջ եկավ Յ. Խաչատուրովին, նրան ջերմ բարևեց և ուղեկցեց միջոցառման սրահ, և լրագրողների հարցն այդպես էլ անպատասխան մնաց։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով հունիսի 26-ին Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան մեղադրանք առաջադրելուց հետո հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի կալանավորեն, սակայն Յու. Խաչատուրովն այս պահին ազատության մեջ է։
Զվարթ Խաչատրյան