«Մեր մարզերից ոչ մեկում կամ ՊԵԿ-ում չի նկատվել ինչ-որ հաջողություն, որի համար արժեր  որևէ մեկին պարգևատրել». Նարինե Դիլբարյան

«Հեղափոխությունից հետո ևս մեր հանրային հարթակը շատ ակտիվ է: Պետական պաշտոնյաների գործունեությունը դարձյալ գտնվում է ուշադրության թիրախում: Այս ընթացքում հնչեցին տարբեր բացատրություններ՝ պարգևավճարների հետ կապված, և արդարացման գլխավոր կռվանը հետևյալն էր՝ ամեն ինչ կատարվել է օրենքով, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ օրենքի խախտումներ ևս տեղի են  ունեցել: Այն մարզպետը, որ իրեն պարգևատրել էր 104.5 տոկոսով ՝ խախտելով օրենսդրությունը, պետք է այդ գումարը հետ վերադարձնի:

Նույնը նաև այն մարզպետները պետք է անեն, ովքեր 2-3 ամսվա աշխատողին են պարգևավճար տվել: Մեզ ասում են, որ նրանք աշխատել են 14 ժամ, բայց կառավարման մեջ նման հասկացություն կա. որքան դու վատ կառավարիչ ես, այնքան անարդյունավետ ես տնօրինում քո ժամանակն ու վատ ես աշխատում: Եվ հետո, մարդն իրեն կարող է պարգևատրել որոշակի հաջողությունների դեպքում: Ցավոք, մեր մարզերից ոչ մեկում կամ ՊԵԿ-ում չի նկատվել ինչ-որ հաջողություն, որի համար արժեր որևէ մեկին պարգևատրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ չի կարելի կառավարման համակարգի հաշին ուրիշ սոցիալական խնդիրներ լուծել:

«Պաշտոնյան պետք է լինի ապահովված և մտածի միայն իր ֆունկցիաների կատարման մասին: Եթե դա չկա՝ 1000 միջոց կգտնի օրենքը շրջանցելու համար: Կառավարությունը պետք է վերանայի վարձատրման համակարգը»,- ասաց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամով:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս