Շոտլանդիայի նախկին առաջին նախարարին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով. Sky
Շոտլանդիայի նախկին առաջին նախարար (2007 – 2014 թթ.) Ալեքս Սալմոնդին ոստիկանությունը ձերբակալել է սեռական ոտնձգությունների հետ կապված կասկածների պատճառով, նրան մեղադրանքներ են առաջադրվել եւ ավելի ուշ նա կկանգնի դատարանի առաջ:
Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Սալմոնդը, որը 2017 թվականից քաղաքական թոք-շոու է վարում RT հեռուստաալիքում, կտրականապես ժխտում Է իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք համարելով ծիծաղելի:
Մինչդեռ Շոտլանդիայի ոստիկանությունը քննում է երկու կանանց հաղորդումները Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) նախկին առաջնորդի կողմից իրենց նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին:
«Մենք կարող ենք հավաստել, որ 64-ամյա տղամարդը ձերբակալված է եւ մեղադրված, զեկույցն ուղարկված է դատախազություն»,- տեղեկացրել են Շոտլանդիայի ոստիկանությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: