«Ստացվում է, որ վարչապետին խաբում են և երկու անգամ այսպես քննություն են անցկացնում, հետո փողկապով և խելացի դեմքով գալիս նստում են, իբրև գործ են անում»
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված երկրորդ ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան 3-4 օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ օրերս Կ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանը մեկ ամսվա ընթացքում իրականացրել է մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ և զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։
Ըստ փաստաբանի, այս ամենը դուր չի եկել պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ։ Որից հետո ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն իրականացնելու պատրվակով ապօրինի կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը և մեկ այլ ապօրինությամբ կապարակնքել նրա աշխատասենյակը։ Չնայած վարչության աշխատակիցների գործունեությունում որևէ ապօրինություն չի հայտնաբերվել, այդուհանդերձ ՊԵԿ նախագահը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որից հետո հարուցվել է քրեական գործ և 3,5 ամիս նախաքննությունից հետո գործը կարճվել է՝ Կարեն Կարապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքերով։ Այս ամենից հետո ՊԵԿ նախագահը կրկին հրաժարվում է Կ. Կարապետյանին թույլատրել գնալ աշխատանքի։
Փաստաբանը նաև տեղեկացրել էր, որ այս ամենից հետո Կ. Կարապետյանը դիմել է ՀՀ վարչապետին և ներկայացրել իր բողոքը, ինչպես նաև վարչապետին տեղեկացրել իր կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին՝ կասկած հայտնելով, որ գուցե իրեն մեկուսացնում են իր գործունեությունից այն պատճառով, որպեսզի կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեն։ Ինչից հետո վարչապետի հանձնարարությամբ ՊԵԿ նախագահին են ուղարկվում Կ. Կարապետյանի կողմից տրամադրված տեղեկությունները և պահանջում 10-օրյա ժամկետում կարծիք տրամադրել։ Դրանից հետո ՊԵԿ նախագահը նույն օրը սկսում է երկրորդ ծառայողական քննությունը, որի առիթն այն է եղել, թե Կարեն Կարապետյանը վարչապետին է տրամադրել հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Ծառայողական քննության մեկնարկից առաջ փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծառայողական քննության ընթացքում հակափաստարկներից խոսելն ուղղակի ամոթալի է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ ՀՀ վարչապետն իրավունք ունի ծանոթանալու ցանկացած տեղեկության։
«Ասել, որ հանցագործության մասին փաստարկները վարչապետին տրամադրելը հանդիսանում է հարկային գաղտնիքի պահպանության խախտում՝ մեղմ ասած, ոչ միայն իրավաբանություն չէ, այլև՝ ծիծաղելի է, այդ պատճառով փաստարկներ ներկայացնելու խնդիր չունենք։ Շատ տարօրինակ կլինի, որ մենք ձայն չհանենք, և հետո պարզվի, որ ծառայողական քննության արդյունքում որոշեն պատասխանատվության ենթարկել իմ պաշտպանյալին՝ Կարեն Կարապետյանին։ Փաստարկների կարիք չկա, ուղղակի եկել եմ հետևելու, ինչ-որ առումով՝ նաև զվարճանալու, թե ինչ է այս պահին կատարվում ՊԵԿ-ում՝ խելացի դեմքով մարդիկ գալիս են ու ասում, թե չի կարելի վարչապետին տեղեկություններ տրամադրել։ Այսպես չի կարելի կառույց ղեկավարել»,- նշեց Տ. Հայրապետյանը։
Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն առանց լրագրողների մասնակցության տևեց մոտ 1 ժամ, որից հետո Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ քննությունն ավարտվել է, և այժմ հանձնաժողովը փակ ռեժիմով խորհրդակցում է, որպեսզի կայացնի որոշում, իսկ արդյունքների մասին իրենց կտեղեկացնեն 3-4 օրվա ընթացքում՝ գրավոր։
«Այս հանձնաժողովի նիստն անցկացվեց շղարշով, այդպես էլ չհասկացանք, թե հանձնաժողովի անդամներն ի՞նչ դիրքորոշում ունեն։ Մենք չհասկացանք, նրանք ընդունո՞ւմ են, որ ՀՀ վարչապետն իրավունք չունի ծանոթանալու տեղեկություններին, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամներին ներկայացրել են գրավոր առարկություն, նշելով, որ ՀՀ վարչապետը գործադիր մարմնի ղեկավարն է և իրավունք ունի ծանոթանալու ցանկացած տեղեկության, հետևաբար՝ անհիմն է ասել, թե վարչապետն իրավունք չունի ծանոթանալու հարկային ոլորտին վերաբերող տեղեկատվության։
«Մենք նաև ասացինք, որ, եթե Օպերատիվ հսկողության վարչության պետը հայտնաբերում է անօրինականություն իր վերադասի նկատմամբ, ապա պետք է դիմի իր ղեկավարի վերադասին, այս դեպքում վերադասը վարչապետն է, որին նա ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է դիմելու։ Բացի այդ, եթե այդքան կարևոր էին այդ տեղեկությունները և չպետք է տրամադրվեին վարչապետին, այդ դեպքում ինչո՞ւ ինձ տրամադրեցին»,- շեշտեց Տ. Հայրապետյանը և ընդգծեց, որ արդեն երկու ամիս է, ինչ ծանրագույն հանցագործության վերաբերյալ փաստեր կան, սակայն ՊԵԿ նախագահը մատը մատին չի տալիս, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ։
«Առաջին հարցը, որ առաջանում է, սա է՝ կարո՞ղ է՝ նա կոծկում է հանցագործությունները, չի՞ հասկանում, որ այստեղ կան հանցագործության հատկանիշներ, եթե չի հասկանում, ուրեմն չի կարող ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնել։ Իսկ եթե հասկանում է, որ հանցագործության փաստեր կան, բայց դրան ընթացք չի տալիս, պետք է քննությունը պարզի, թե ինչո՞ւ։ Հանկարծ քննությունը չպարզի, որ ՊԵԿ նախագահը ժամանակին ինչ-որ կապերով այդ սուբյեկտների հետ կապված է եղել։
Ես չեմ ասում՝ հաստատ այսպես է, բայց ասում եմ՝ փաստական տվյալները կան, թող ՊԵԿ նախագահն ասի, թե ինչո՞ւ նման կարևոր հարցերը չունեն պատասխան։ Այսօր մենք հասկացանք, որ հանձնաժողովը, փաստորեն, քննություն չի իրականացնում եղած փաստերի բովանդակային առումով, այլ քննություն են իրականացնում միայն Կարեն Կարապետյանի նկատմամբ։ Ստացվում է, որ վարչապետին խաբում են և երկու անգամ այսպես քննություն են անցկացնում, հետո փողկապով և խելացի դեմքով գալիս նստում են, իբրև գործ են անում»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։
Նա նաև նկատեց, որ ինչ պետք է, իրենք արել են, այժմ սպասում են, թե իրավապահ մարմիններն իրենց գործողություններով ի՞նչ կանեն, ՊԵԿ-ն ի՞նչ ընթացք կտա գործին, եղած հանգամանքների վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կասի, և այլն: «Այս ամենի վերաբերյալ մենք պետք է սպասենք հետաքրքիր զարգացումների, որոնց մասին անպայման մամուլը կտեղեկանա»,- եզրափակեց Տիգրան Հայրապետյանը։
Զվարթ Խաչատրյան