Կառավարության կառուցվածքը դարձել է պատուհաս

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում։ Տնտեսական ու սոցիալական խնդիրները քիչ էին, հիմա էլ ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել կառավարության կառուցվածքի հարցում։ Թե դա ինչպես է անդրադառնում կառավարության գործունեության վրա, որն առանց այն էլ չէր փայլում իր արդյունավետությամբ, դժվար չէ պատկերացնել։

Երբևէ Հայաստանում չէր եղել այնպիսի իրավիճակ, որ կառուցվածքի անորոշության պատճառով կառավարությունը մասնակի կամ կիսատ-պռատ ձևավորվեր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ քաղաքական իշխանությունը մինչև հիմա բավարար ժամանակ ուներ մտածելու այդ մասին։

Կառավարության կառուցվածքի վերաբերյալ առաջարկվող տարբերակը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։ Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ ակնկալվող փոփոխությունների հիմքերը շատ խախուտ են։

Որքան էլ հայտարարվի, որ նպատակը համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, դա պետք է նախ հիմնավորել։ Երկար ժամանակ խոսելով կառուցվածքային վերանայումների անհրաժեշտության մասին` մինչև հիմա ոչ մի հիմնավոր փաստարկ չի ներկայացվել։ Հայտնի չէ անգամ, թե դրանով կառավարությունն ինչի է ուզում հասնել։ Առաջարկվող փոփոխությունների հիմքում չկա որևէ հայեցակարգ։

Այն, ինչ առաջարկվում է, ըստ էության ոչ մի խնդիր էլ չի լուծում։ Նույնիսկ անիմաստ է կարծել, որ կառավարության կառուցածքի վերանայումը պայմաններ կստեղծի այնքան ֆինանսական միջոցներ տնտեսել, որով հնարավոր կլինի իրականացնել այդ համակարգում զբաղված մյուս աշխատողների աշխատավարձերի շոշափելի բարձրացում։

Այս փոփոխությունների միակ տեսանելի արդյունքը լինելու է գործազուրկների թվի ավելացումը։ Առնվազն մի քանի հարյուր կամ հազար մարդ, որոնց կառավարությունը պատրաստ չէ որևէ այլընտրանք առաջարկել, կկորցնի աշխատանքը։

Այլ ակնկալիք նախատեսվող կառուցվածքային փոփոխություններից դժվար է ունենալ։

Իհարկե, սա չի նշանակում, որ կառավարության կառուցվածքում և կառավարման ապարատում օպտիմալացման անհրաժեշտություն չկա։ Իհա՛րկե կա։ Եվ ոչ միայն այն նախարարություններում, որոնց մասին խոսվում է։ Այդ խնդիրն առկա է ամենուրեք։ Բայց դա պետք է անել առանց շտապելու, բոլոր դետալների մանրակրկիտ գույքագրման ճանապարհով, և ոչ թե զուտ նրա համար, որ քաղաքական իշխանությունն ընտրությունների ժամանակ նման մանդատ է ստացել ընտրողներից։

Այն հապճեպությունը, որով առաջնորդվում է կառավարությունը, ոչ մի լավ բանի չի բերելու։ Այսպես առաջնորդվելու դեպքում որևէ կասկած չկա, որ կարճ ժամանակ անց դարձյալ բախվելու ենք կառուցվածքից բխող նոր խնդիրների հետ։

Մինչ կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել կառուցվածքային փոփոխությունների հարցում` պետական կառավարման համակարգի առանձին օղակներ, այդ թվում` ամբողջական նախարարություններ, հայտնվել են կաթվածահար վիճակում։ Դժվար չէ պատկերացնել այն աշխատողի աշխատանքի արդյունավետությունը, ում վաղը սպառնում է փողոցում հայտնվելու և գործազուրկ դառնալու վտանգը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կառավարության կաբինետի մասնակի ձևավորման մասին, գոնե հասկանո՞ւմ է, թե դա ի՞նչ հետևանք է ունենում տևական ժամանակ պաշտոնակատարի կարգավիճակում գտնվող նախարարների ու նրանց ղեկավարած գերատեսչությունների աշխատանքների վրա։

Հիշեցնենք, որ դեռևս գործող 17 նախարարություններից նախարար է նշանակվել միայն 12-ում։ Մնացած նախարարությունները սպասում են լուծարման կամ միավորման։

Ի դեպ, այս փուլում Նիկոլ Փաշինյանը որոշեց գրեթե ամբողջությամբ պահպանել կառավարության նախկին կազմը։ Որքան էլ իր գործունեության ընթացքում այն ոչնչով աչքի չընկավ, այնուհանդերձ նախարարները գրեթե ամբողջությամբ պահպանեցին իրենց պորտֆելները։

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ նախորդ կառավարության անդամների աշխատանքից վարչապետը գոհ է։ Ըստ էության, այդպես էլ կա։ Այլ հարց, թե հասարակությունն ինչ է ստացել դրանից։

Նախորդ կառավարության գործունեությունից դժվար է շատ բան ասել։ Տեսանելի արդյունքներ, որպես այդպիսին, գրեթե չկան։ Տնտեսության վիճակը Հայաստանում ոչ միայն չի լավացել, այլև հետընթաց է գրանցել։ Հասարակության կյանքում ևս դրական փոփոխություններ դժվար է գտնել։

Այս պայմաններում կառավարության նախորդ կաբինետի կազմի պահպանումը, անշուշտ, տարօրինակ է։ Բայց այն ըստ էության ունի նաև իր պատճառները. Դրա համար հավանաբար որոշակի դեր է ունեցել կադրերի խնդիրը։ Նոր քաղաքական իշխանությունը չունի անհրաժեշտ կադրային բազա` անգամ կարևորագույն պաշտոններում, այդ թվում` կառավարության կաբինետում նշանակումներ անելու համար։ Ուստի ստիպված է բավարարվել նրանով, ինչ ունի։

Ինչևէ, մինչ կառավարության լիարժեք ձևավորման հետ կապված անորոշությունները պահպանվում են, դրանից տուժում է առաջին հերթին՝ երկրի տնտեսությունն ու հասարակությունը։ Որքան երկար է ձգվում այս իրավիճակը, այնքան վնասներն ավելանում են։ Փոխարենը մտածելու տնտեսության ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու, հասարակությանը տված սոցիալական խոստումները կատարելու մասին, կառավարությունը զբաղված է մի բանով, որը կարելի էր անել շատ ավելի հանգիստ պայմաններում` առանց արհեստական լարվածության ստեղծման։

Տարվա առաջին ամիսը գրեթե հետևում է մնացել, իսկ քաղաքական իշխանությունը դեռևս չի կարողանում հստակեցնել անգամ կառավարման համակարգի կառուցվածքը։ Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել տնտեսական ծրագրերի իրականացման մասին։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ բավական տևական ժամանակ կառավարությունը զբաղված էր նախընտրական արշավի կազմակերպմամբ, ընտրություններից հետո պետական ապարատի կառուցվածքի փոփոխություններով։ Թե ի վերջո այն ե՞րբ պետք է գործով զբաղվի, հայտնի չէ։

Մինչ գործադիր իշխանության կառուցվածքը շարունակում է անորոշ մնալ, շուտով կառավարությունը պետք է Ազգային ժողովին ներկայացնի առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե այն ինչ ծրագիր է լինելու, երբ դրա իրականացման օղակներն անգամ հստակ չեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս