Հավատամք
Ցանկացած քաղաքական իրավիճակում առաջնային է և հիմնարար հավատը սեփական երկրի նկատմամբ, սեփական ուժերի նկատմամբ, խաղում սեփական հաղթանակի նկատմամբ: Սա քաղաքականության այբն ու բենն է, բայց նաև ավելին է, քան զուտ քաղաքական:
Խնդիրն այստեղ լավատեսությունը կամ հոռետեսությունը չէ: Միայն լավ բաներ տեսնելն ու հիասթափություններն ու վտանգներն անտեսելը երջանիկ ապուշներինն է: Խնդիրը ճիշտ հակառակն է՝ տեսնելով ու հասկանալով ապագա մանր ու մեծ հիասթափությունները, մարտահրավերների ու վտանգների լրջությունը, հենց դրանով հանդերձ՝ ավելի վստահաբար հավատալ Հայաստանին, նրա ճակատագրին, նրա ապագային, նրա հաղթանակին:
Խնդիրը, ուրեմն, քաջությունն է, որը հին հայերենում ունի ոչ միայն խիզախության, այլև ավելի լայն իմաստ՝ լավություն, լավ որակ. այդ իմաստի մնացորդն է «քաջ գիտակցել», այսինքն՝ լավ գիտակցել, հստակ հասկանալ արտահայտությունը: Առանց քաջության չկա «լավություն», չկա բանականություն, չկա քաղաքականություն: Վախն ու երկյուղն են անջատում բանականությունն ու կամքը, ստեղծում սարսափազդու ուրվականներ և ստիպում անհամարժեք գնահատականների և գործողությունների:
Երբ նախկինում ասում էի, որ Հայաստանն իր թերություններով հանդերձ՝ լավ երկիր է, լավ պետություն է, ամուր հիմքեր ունի, և կործանումներ ու աղետները նրան չեն սպառնում, ու, որ խնդիրները, որքան էլ՝ բարդ, բայց աշխատանքային են, լուծելի են, այն ժամանակ ընդդիմադիր ընկերներիցս շատերը նեղվում էին՝ կարծելով, որ վայել չէ ընդդիմադիր դիրքերից նման պնդումներ անելը: Բայց ընդդիմությունն այն չէ, ըստ իս, երբ պետությունդ համարում ես աշխարհի ամենավատը, այլ այն է, երբ համարում ես, որ լավն է՛լ ավելի լավը կարող է և պետք է լինի, որ եղածը միշտ քիչ է:
Հիմա նույն այդ ընկերներիս զգալի մասն իշխանություն է դարձել, ու արդեն նույն «լավատեսությունիցս» ուրախանում են: Ես բան չեմ ասում, չեմ վիճում, ինձ համար կարևոր է, որ թեկուզ դիրքի փոփոխման պատճառով, ևս մի քանի մարդ իմ հավատի եմ բերել, իմ մոլեռանդ հայաստանահավատ «աղանդի» թեկուզ ձևական անդամ եմ դարձրել: Բայց ինձ համար էապես բան չի փոխվել: Ես միշտ եղել եմ նույն հավատին: Ես ոչ ոգևորվել եմ, ոչ հիասթափվել: Իմ հավատքի կանոններում իշխանության և ընդդիմության տեղերով փոխվելը նշանակություն չունի: Ոչ թե ընդհանրապե՛ս նշանակություն չունի, այլ հենց Հայաստանի հաջողությանը հավատալ-չհավատալու սահմաններում չունի:
Իշխանություն-ընդդիմություն խաղը նորմալ է: Գոնե բազմակուսակցական այն համակարգում, որն արդի աշխարհում ընդունված է կոչել դեմոկրատիա: Ընդդիմությունը Հայաստանում 1992-ից գուժում է երկրի շութափույթ կործանումը, բերում է այդ թեզի օգտին համոզիչ ու անհամոզիչ փաստարկներ: Ես տեսել եմ Հայաստանի բոլոր ընդդիմությունները: Անկախ հանգամանքներից, անկախ կուտակված փաստերից, բոլորն էլ ընդդիմություն դառնալու առաջին իսկ օրվանից պնդել են, որ երկիրը կործանման եզրին է, նույնիսկ, եթե բառացիորեն մի քանի օր առաջ այդ երկիրը հենց իրենք են կառավարել: Իշխանությունը, բնականաբար, հակադարձել է:
Ցանկացած իշխանություն, նույնիսկ, եթե նախկինում բոցաշունչ ընդդիմություն է եղել, դառնում է մի քիչ ծանրալեզու՝ խոսում են ծրագրերից, թվերից, կամ էլ, վատագույն դեպքում, սկսում են բողոքել վատ ընդդիմությունից, նեղանալ, նվնվալ:
Ընդդիմությունները միշտ ավելի համոզիչ են դառնում ժամանակի ընթացքում, նույնիսկ, եթե սկզբում նրանց ասածները բանի տեղ դնող չկա, իսկ իշխանության մեջ միշտ էլ տեղ են գտնում այնպիսի բութ ու շատակերներ, որոնց անունը միայն դառնում է անեկդոտ: Սա, կրկնեմ, նորմալ, սովորական ընդդիմություն-իշխանություն խաղ է բազմակուսակցական համակարգում: Բայց կա նրբություն նաև այդ խաղում:
Նրբությունն այն է, որ այդ խաղը խաղացողները բաժանվում են երկու անհավասար մասի: Նրանք, ովքեր անկեղծ հավատում են «վախճանաբանական», «կործանարարական» պնդումներին ու օրեցօր իրենք իրենց վախեցնում սարսափ պատմություններով, և նրանք, ովքեր գիտակցում են, որ եղածը մեծ հաշվով խաղի տեսակ է, և չնայած քննադատության մի մասը կարող է շատ ճիշտ լինել, բայց երկիրը չի կարող 1992-ի ամառվանից ամեն օր կործանվել կամ «եզրին կանգնել», ոչ էլ որևէ իշխանություն կարող է ամեն օր Ղարաբաղը ծախել ու նորից առնել: Առաջին խումբը խաղի զինվորներն են, երկրորդը՝ բարձրաստիճան սպաները: Ինքնին վատ բան այստեղ չկա:
Ամեն խաղ ունի իր կանոնները: Ֆուտբոլում, օրինակ, չի կարելի խաղալ ձեռքով ոչ մեկին, բացի դարպասապահից, իսկ ռեգբիում՝ հակառակը՝ ձեռքով խաղի անսահմանափակ իրավունք կա, բայց դարպասի մեջ գնդակը խփելուց պետք է խաղալ միայն ոտքով: Բազմակուսակցական քաղաքական խաղի կանոնն էլ դա է՝ երկիրը պետք է կործանման եզրին լինի՝ ըստ ընդդիմության, և հակառակը՝ զարգանա՝ ըստ իշխանության: Եթե չես ուզում, կարող ես այս խաղից չխաղալ, բայց եթե խաղում ես՝ կանոններից մի բողոքիր:
Ամբողջ խնդիրը միայն, կրկնենք, այն է, որ կարող ես խաղալ՝ գիտակցելով, որ խաղում ես, իսկ կարող ես իրոք կործանվել ու հափշտակվել, եթե խաղի կանոնը շփոթես իրականության հետ:
Այդ դեպքում այլ բան չես, քան քաղաքական զինվոր, որին գեներալներն ամենայն արդարությամբ և իրավունքով կարող են և մի օր անպայման պետք է փոխանակեն կամ զոհաբերեն՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճակատագիրը: Բայց երկրի ճակատագիրը կախված չէ այդ խաղից:
Պետությունները, իհարկե, կարող են կործանվել: Եթե 100 տարվա մեջ ամեն օր մեկը կանխատեսի կործանում, աղետ կամ աշխարհի վերջ, ապա 100 տարուց մեկում նա հաստատ ճիշտ դուրս կգա: Այդպես էին վարվում, օրինակ, միջնադարյան հեղինակները: Քրիստոնեական աշխարհայացքը հակված էր վախճանաբանության: Ու քանի որ ժամանակ առ ժամանակ իրոք լինում էին շատ աղետալի դեպքեր, ապա աղետ գուշակողներն իրենց բավարարված և գոհ էին զգում: Դրա համար մեր հին պատմական մատյանները լի են ողբերով ու կործանման պատումներով:
Իրականության մեջ, իհարկե, հայոց պատմությունն ավելի ողբերգական չէ քան միջին մարդկայինը, իսկ եթե այն լիներ այն շարունակական կործանումն ու ողբը, որը ներկայացված է հին մատյաններում, ապա այսօր աշխարհում չէր ապրի ոչ մի հայ, և չէր գրվի ոչ մի տող հայերեն: Շարունակ ձախողվող, պարտվող ու կոտորվող ժողովուրդը չի կարող գոյատևել հազարամյակներ:
Ի՞նչ է նշանակում՝ հավատք սեփական երկրին, և ինչո՞ւ է պետք այդ հավատքը: Նախ՝ այդ հավատքը պետք է վեր լինի ցանկացած ընթացիկ քաղաքական խաղից և իրավիճակից՝ անկախ նրանից, թե տվյալ պահին խաղո՞ւմ ես այդ խաղից, թե՞ ոչ: Հավատքը խաղից վեր է, քաղաքականության ամենաբարձր՝ «թագավորական» մակարդակն է, ուր չկա կուսակցական պայքար, պառլամենտարիզմ, ընտրություններ, քարոզարշավ և այլ «կլասիկ քաղաքական գործունեություն»:
Իմաստ էլ չկա մտնելու խաղի մեջ, եթե չկա այդ բարձրագույն մակարդակի իմացությունն ու գիտակցությունը, եթե չես հավատում, որ խաղից դուրս կա գերագույն նպատակը՝ Հայաստանն ու նրա հաղթանակը:
Այս հավատքը կապ չունի՝ «ամեն ինչ լավ ա լինելու»-ի հետ: Մանավանդ, որ ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, «ամեն ինչ էլ վատ է լինում վերջում»: Հավատքը ոչ թե լավատեսություն է սովորական իմաստով, այլ վստահությունն է առ այն, որ հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները, հաղթող դուրս գալ բոլոր բարդ իրավիճակներում, բոլոր կռիվներում: Քաղաքականությունը պայքար է, երկրների պատմությունը պայքարի ու կռվի պատմություն է՝ ո՞ւմ է պետք պայքարողը, որը չի հավատում, որ իր կողմը հաղթող է դուրս գալու ցանկացած պարագայում:
Այստեղ չկա ոչ մի վերացականություն, ոչ մի դատարկ պաթոս: Որ դա այդպես է, պարզ ստուգելի է կենցաղային օրինակով: Ո՞վ է համարվում կենսունակ և առողջ մարդ ամենօրյա կյանքում՝ նա՞, ով կյանքի ամեն խնդրից վհատվում է, վայում է և կործանում է գուժում, թե՞ նա, ով նույնիսկ կյանքի ամենաբարդ իրավիճակում հավատում է, որ կարող է հաղթել: Հարցը հռետորական է, պատասխանը՝ պարզ: Քաղաքական իրականության մեջ չի կարող հակառակը լինել: Դրա համար Հայաստանը չի կործանվելու ու չի պարտվելու՝ անկախ նրանից, թե ո՛վ է իշխանություն կամ ընդդիմություն: Իշխանությունն ու ընդդիմությունը կարող են կործանվել կամ ձախողվել, բայց Հայաստան պետությունն այնքան թույլ չէ, որ ամեն «մրսելուց» մահանա կամ ծանր հիվանդանա: Հակառակը՝ մարտահրավերների առատությունը դեռ ավելի է ոգեշնչում քաջությունն ու հավատքը:
Օրվա քաղաքական կուրսով չի կարող չափվել հավատքը սեփական երկրին, պետությանն ու ժողովրդի ներուժին:
2019-ը լինելու է Հայաստանի համար լավ տարի, լավագույն տարին: Ինչպես ցանկացած նախորդ և հաջորդ տարի եղել է և կլինի:
Քանի կա անկախ պետությունը՝ բարձրագույն բանը, որ կարող է ունենալ որևէ ժողովուրդ, մնացած բոլոր հարցերը լուծելի են և աշխատանքային խնդիրներ են: