Բաժիններ՝

Ընտանի կենդանիներ ունեցողները բոյկոտում են Երևանի քաղաքապետարանի որոշումը և չեն պատրաստվում տուրքեր վճարել

Երևանի  քաղաքապետարանի ավագանու դեռևս  23.12.2014 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015 թվականի տեղական տուրքը սահմանվել էր 5000 դրամ:

2015 թվականի ընթացքում մի շարք կենդանասերներ հանդես եկան բողոքի ակցիաներով, ստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրք սահմանող «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքը: Նրանք ՀՀ կառավարությանը հորդորել էին նաև խրախուսել ընտանի կենդանի պահելը և օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամել ընտանի կենդանիների։ Սակայն բողոքողները դրական արդյունքի չէին հասել և դադարեցրել էին ակցիաները։

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն ընտանի կենդանիներ, ծանուցումներ են ստացել, որպեսզի վճարեն օրենքով սահմանված 5000-ական դրամները: Սակայն, պարզվում է՝ ընտանի կենդանի ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են ստացել այն ու երբեք էլ նախկինում չեն ստացել:

Հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով են ընտրում մարդկանց և ուղարկում ծանուցումները։

Կարդացեք նաև

Սրան զուգահեռ, ընտանի կենդանիներ ունեցողներին զայրացրել է այն հանգամանքը, որ պետք է կենդանու համար վճարեն տուգանքներ, և հունվարի 21-ին պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիա՝ «Դեմ ենք ընտանի կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելուն»։

«Դինգո թիմ» հ/կ համակարգող Գոհար Մանուշակյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած օրենքը միշտ գործել է, սակայն մինչև օրս որևէ ադեկվատ մարդ այդ տուրքերը չի վճարել և չի էլ պատրաստվում վճարել։

«Եղել են մարդիկ, որ վճարել են, չգիտեմ՝ ինչից դրդված, գուցե վախեցել են կամ ոչնչից տեղյակ չեն եղել, բայց ընտանի կենդանիներ ունեցողների մեծ մասը չի վճարել։ Մենք այդ տուրքերը չենք վճարելու, քանի որ այստեղ ապօրինություն կա, այդ գումարներն ո՞ւր է գնում, ինչի՞ վրա են ծախսելու, այսինքն՝ պետությունը կենդանիների համար ի՞նչ է արել, որ պետք է տուրքեր վճարենք։ Ցավոք, մեր պետությունն այն պետությունն է, որը մինչև օրս չունի «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կենդանիների խնամքը, պաշտպանությունը մնացել է միայն անհատների հույսին, նրանք փողոցից վերցնելով կենդանիներին՝ սկսում են նրանց խնամել, պետությունն այդ մարդկանց աջակցելու փոխարեն՝ պահանջում է, որպեսզի տուրք վճարեն։

«Տանը պահում եմ մի քանի շուն և կատու, միայն մեկ շանն եմ փողոց դուրս բերում, քանի որ մյուսները հաշմանդամ են։ Մինչև իմ կենդանուն դուրս հանելը, նախապես մաքրում եմ տարածքի խոտերը, հավաքում եմ թափած շշերը, այս ամենի համար ո՞վ պետք է տուրքեր վճարի»,- ասաց Գոհար Մանուշակյանը։

Ըստ նրա, այն մարդիկ, որոնք փողոցից կենդանի են վերցրել և տանը խնամում են, չպետք է տուրքեր վճարեն, տուրքեր չպետք է վճարեն նաև նրանք, որոնք ունեն ցեղական շուն կամ կատու, բայց դրանց ստերջացրել են։

«Տուրքեր պետք է վճարեն բացառապես կենդանի բուծողները, որոնք նաև պետք է հաշվառվեն, որպեսզի հետագայում ամեն ինչ լինի լիցենզավորված, քանի որ նրանց համար այդ ամենը կարող է բիզնես նպատակ ունենալ»,- շեշտեց Գ. Մանուշակյանը։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն ստացել տուրքեր վճարելու ծանուցումներ, Գոհար Մանուշակյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ հնարավոր է՝ այդ մարդիկ վրիպել են իրենց «բարի» հարևանների աչքից։

«Ակնհայտորեն այդ ծանուցումներն ուղարկվում են «բարի» հարևանների շնորհիվ, քանի որ թաղապետարանը չի կարող մեծ վերահսկողություն սահմանել՝ հասկանալու համար՝ ում տանն ընտանի կենդանի կա։ Բացի այդ, կարծում եմ՝ ծանուցումներ ուղարկում են այն մարդկանց, որոնք կվախենան և կմուծեն, չեն հետաքրքրվի, թե ինչի համար են վճար կատարում, և այդ գումարն ուր է գնում»,- ընդգծեց Գ. Մանուշակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս