Աղաջանովների ընտանիքը սպասում է ՀՀ վարչապետի պատասխանին
Հունվարի 14-ին ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու դեմ ուղղված բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ Մ. Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել է զմահ ազատազրկման համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով։ Արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ շուտով նա ազատության մեջ է հայտնվելու, քանի որ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մ. Ենոքյանին ներում շնորհելու նախագծին։
Այս լուրն Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի և հարազատներին վրդովվեցրել էր, քանի որ, նրանց կարծիքով՝ իրենց որդուն սպանել է Մհեր Ենոքյանը, որը պետք է բանտում կրի իր պատիժը։
Մ. Ենոքյանին ներում շնորհելու դեմ ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել են տարբեր հիվանդանոցների բժիշկներ, այդ թվում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։
Հավաքված մոտ 1300 ստորագրությունները բողոքի ակցիայի ժամանակ Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, հանձնեց ՀՀ կառավարության ներկայացուցչին, նրանք տվեցին նաև նամակ, որով ցանկություն հայտնեցին հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հայտարարեց, որ հավաքված ստորագրությունների և ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ նամակի պատասխանը կլինի մի քանի օրից։
168.am-ի հետ զրույցում Ելենա Աղաջանովան տեղեկացրեց, որ այսօր զանգահարել են Ալեքսանդր Ղազարյանին՝ հասկանալու համար, թե երբ կարձագանքեն իրենց նամակին։
«Ալեքսանդր Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրը ստորագրություններն ու նամակը տվել է ՀՀ վարչապետին, այս պահին մենք սպասում ենք Նիկոլ Փաշինյանի պատասխանին»,- նշեց մեր զրուցակիցը և տեղեկացրեց, որ ստորագրահավաքը շարունակվում է նաև այսօր, և արդեն ստացել են բազմաթիվ ստորագրություններ, նաև՝ մարզերից։
«Դեռ չենք որոշել՝ այդ ստորագրությունները ևս կհանձնե՞նք կառավարությանը, թե՞ ոչ, ամեն դեպքում ստորագրահավաքը շարունակվում է»,- եզրափակեց Ե. Աղաջանովան։
Զվարթ Խաչատրյան