«Սպասելիքները գերչափազանցված են». Բաբկեն Թունյանը՝ տնտեսության ընդհանուր վիճակի և հեռանկարների մասին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի նստաշրջանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ տնտեսության ընդհանուր վիճակին և հեռանկարներին: Բ. Թունյանը, ով 2005-2018թթ. աշխատել է «168 Ժամ» թերթում և 168.am-կայքէջում՝ որպես տնտեսական վերլուծաբան, իսկ 2012թ. օգոստոսից նաև 168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիրն էր, մասնավորապես ներկայացրեց, թե ինչպես կարելի է գնահատել կառավարության գործունեությունը հետհեղափոխական շրջանում.
«Դա կախված է նրանից, թե մենք ի՞նչ էինք ակնկալում կառավարությունից: Իսկ կառավարության խնդիրն առաջին շրջանում շատ հստակ էր տնտեսական դաշտում. կառավարության խնդիրը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն էր, ինչը, կարելի է ասել, լիովին հաջողվել է, ու եթե մենք այսօր նայում ենք տնտեսական ցուցանիշներին, մենք ունենք որոշ ցուցանիշների գծով անկում, որոշ ցուցանիշների գծով բարելավում, մենք ունենք նաև տնտեսական ակտիվության աճ: Աճը դանդաղել է, ու քաղաքական նման լրջագույն փոփոխություններից հետո, սովորաբար, տարբեր երկրներում լինում է տնտեսական անկում, լինում է ֆինանսական շուկաների փլուզում, լինում են հիպերինֆլյացիաներ, կապիտալի փախուստ, ու եթե այս ամեն ինչի ֆոնին մեզ հաջողվել է ոչ թե անկում ունենալ, այլ աճ, բայց մի քիչ ցածր աճ, ապա, բնականաբար, կարելի է ձեռքբերում համարել: Իհարկե, դա անցումային փուլի խնդիրն էր: Այս փուլում նշաձողը շատ ավելի բարձր է, սպասելիքները շատ ավելի մեծ են, անգամ կարելի է ասել՝ այդ սպասելիքները գերչափազանցված են: Մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, միևնույն ժամանակ՝ լուրջ փոփոխությունների, որը շատ դժվար է համատեղել: Լուրջ փոփոխությունները շատ կարճ ժամանակահատվածում չեն լինում: Բայց մենք պետք է փորձենք որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում լրջագույն փոփոխություններ կյանքի կոչել»:
Իր ելույթի ընթացքում Բաբկեն Թունյանն անդրադարձավ նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների համագործակցության կարևությանը.
«Սա իրոք ամենածանրաբեռնված ու կարևոր հանձնաժողովներից մեկն է: Չեմ ուզում ամենևին նսեմացնել մյուս հանձանժողովների դերը: Եթե նայում ենք զուտ վիճակագրությամբ, օրինագծերի մեծ մասն անցնում է հենց այս հանձանժողովով: Բայց, շատ հարցեր կան, որ մեր տիրույթները խաչվում են: Օրինակ, իմ անձնական կարծիքով, տնտեսական երկարաժամկետ զարգացման համար ամենակարևոր բանը մարդկային կապիտալն է, իսկ մարդկային կապիտալը նշանակում է նորմալ կրթություն, նորմալ առողջապահություն, ինչը, բնականաբար, մեր հանձնաժողովում չի գտնվում, կամ, ասենք, ռազմաարդյունաբերությունը, որը գտնվում է Պաշտպանության հանձանժողովում, կամ տարածքային համաչափ զարգացումը. երբ նայում ենք, Երևանն այսօր գեներացնում է ՀՀ ՀՆԱ-ի 60 տոկոսը: Ու այս անհամաչափությունը հարթելու խնդիրները դրված են Վարազդատ Կարապետյանի հանձնաժողովում: Այնպես որ, բոլոր հանձնաժողովների հետ մենք մշտապես աշխատելու ենք, ու ես ինքս մասնակցելու եմ թե՛ ֆինանսաբյուջետային, թե՛ այլ հանձնաժողովների նիստերին, որտեղ ինձ հետաքրքրող հարցեր կլինեն, և ակնկալում եմ, որ նմանատիպ հետաքրքրություն կլինի նաև մյուս հանձնաժողովների անդամների կողմից մեր աշխատանքների նկատմամբ»:
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին` Բաբկեն Թունյանը նշեց, որ կոնկրետ օրինագծի մասին խոսելու գայթակղությունը շատ մեծ է, բայց նախ պետք է հասկանալ ցանկացած օրինագծի վերջնական ազդեցությունը և կոչ արեց զսպվածություն ցուցաբերել՝ հիշատակելով նախկին գործընկերներից հայտնի «պետք է դանդաղ շտապել» արտահայտությունը. «Մենք այս պահին, բոլորս, բացառությամբ այն մարդկանց, ովքեր եկել են պետական կառավարման համակարգից, ունենք ինֆորմացիայի պակաս, կան տվյալներ, որոնց մենք պարզապես ի պաշտոնե չենք տիրապետում: Միգուցե մենք ծանոթանանք որոշ խորքային տվյալների, որ այդ օրինագիծը պետք չի կամ պետք է լրամշակել»:
ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ