Բաժիններ՝

«Ի՞նչ է նշանակում՝ հայկական լոլիկ. Այսօր Հայաստանում աճեցվող լոլիկի հիմնական մասի սերմերը բերվում են Թուրքիայից»

Հայ ֆերմերները հաճախ են ահազանգում՝ նշելով, որ Հայաստան է ներմուծվում թուրքական լոլիկ, և այն խանգարում է իրենց, ջերմոցատերերին, գյուղացուն:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց. «Առաջին՝ ասում են, թե Թուրքիայից Հայաստան եկող լոլիկը սրսկում են: Դեռ հստակ չգիտենք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ: Կան համապատասխան մասնագետներ, թող սահմանին ստուգեն: Երկրորդ՝ լոլիկի մշակման ինքնարժեքը մեզ մոտ ավելի թանկ է, քան Թուրքիայում:

Պատկերացրեք, հիմա ձմեռ է, մեզ մոտ՝ բուք ու բորան, իսկ թուրքերը Միջերկրական ծովի ափին լոլիկ են մշակում ու ուղարկում Հայաստան: Մեզ մոտ թանկ է նաև գազը: Ուստի պետք է պետությունը պայմաններ ստեղծի, Գյուղնախարարությունն աշխատի գյուղացիների հետ: Ազգային ժողովի Գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ պետք է մշակեն տարբեր ծրագրեր, որոշեն, թե ինչը ինչպես անեն: Թե չէ

Գյուղնախարարությունը վերացնել ու քաշվել մի կողմ՝ շատ սխալ է: Արարատյան դաշտը տարիներ շարունակ լոլիկ է մշակել, իսկ հիմա այդպես չէ, քիչ են լոլիկ մշակողները: Հիմնականում ջերմոցներում են մշակում ու այն պատճառով, որ լոլիկի ցեցը մեծ տարածում է գտել, դաշտերին վնասներ է հասցնում: Եթե նորմալ երկիր լինեինք՝ տարբեր մեթոդներով կպայքարեինք սրա դեմ: Սակայն ոչ ոքի չի հետաքրքրում, որ այնտեղ գյուղացու բերքն է փչանում»:

Հետաքրքվեցինք՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ շուկայում հայկական լոլիկը տարբերակելու համար պետք է ընտրել ամենաթանկը, «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը պատասխանեց.

«Ի՞նչ է նշանակում՝ հայկական լոլիկ: Այսօր Հայաստանում աճեցվող լոլիկի հիմնական մասի սերմերը բերվում են Թուրքիայից՝ մաքսանենգ ճանապարհով: Միգուցե վերջերս չեն անում, բայց տարիներ շարունակ այդպես է եղել: Վերևներում եղել են մարդիկ, ովքեր զանգել են մաքսատուն, ասել են՝ սա մերն է, աչքերդ փակի, թող անցնեն: Սերմերը եղել են նաև գենետիկորեն մոդիֆիկացված: Մալաթիայի շուկա գնաք, այսպես կոչված՝ լոլիկ կտեսնեք, որն ամեն ինչի նման է՝ բացի լոլիկից: Այն էժան գնով է վաճառվում, իսկ ժողովուրդը, քանի որ վճարունակ չէ, ավելի շատ էժանն է նախընտրում: Իսկ հայկական լոլիկի վերաբերյալ ասեմ, որ հին սորտերից մի քիչ մնացել է:

Մասիսի Գեղանիստ գյուղում կա Բանջարաբուծության ինստիտուտ, այնտեղ սերմեր են արտադրում, բազմացնում, ուղղակի վաճառքի համար ֆերմերներն այդքան էլ չեն գերադասում, որովհետև կեղևը բարակ է: Ուտելու համար շատ լավ է, պահածոյացնելու համար՝ նույնպես, բայց վաճառքի համար, եթե այսօր բերեն ու չվաճառվի՝ հաջորդ օրը կփչանա»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս