Գտել են այն հյութը, որը պաշտպանում է թուլամտությունից
Neurology ամսագիրը հրապարակել է Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից արված մի հետազոտության տվյալներ, որոնց արդյունքները վկայում են ծերունական թուլամտության կանխարգելման գործում նարնջի հյութի բարձր արդյունավետության մասին։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը գրեթե 50 տոկոսով բարձրացնում է մարդու պաշտպանվածության մակարդակը մահացու վտանգավոր նեյրոդեգեներատիվ այդ հիվանդության զարգացումից։
Այս մասին գրում է www.med2.ru-ն։
Հարվարդի մասնագետները փորձարարություն իրականացրին ԱՄՆ-ում ապրող 28000 տղամարդկանց մասնակցությամբ։ Այն սկսվեց 1986թ.։ Էքսպերիմենտի մասնակիցներն իրենց սննդակարգում պետք է օգտագործեին մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն։ Փորձի սկզբում կամավորների միջին տարիքը 51-ն էր, իսկ վերջում՝ 73 տարեկանը։
«Այս հետազոտության մեջ ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ մենք կարողացանք հետազոտել ու հետևել այսքան մեծ խումբ տղամարդկանց 20 տարվա ընթացքում։ Դա մեզ թույլ տվեց ստանալ շատ համոզիչ արդյունքներ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Չանչժեն Յուանը։
Գիտնականները պարզել են, որ մրգերի ու բանջարեղենի օգտագործումը արդյունավետորեն մարդուն պաշտպանում է թուլամտության զարգացման նշանների ի հայտ գալուց, մասնավորապես, տվյալ հիվանդության այնպիսի խոսուն նշանից, ինչպիսին հիշողության հետ կապված խնդիրներն են։ Մասնագետները պարզել են, որ սննդակարգում բուսական ծագման մթերքների առատությունը թուլամտության ի հայտ գալու ռիսկը նվազեցնում է 34 տոկոսով։
Բայց թուլամտության առաջացումը կանխելու համար առավել հուսալի պաշտպան է, ինչպես պարզվեց, նարնջի հյութը։ Օրական մեկ բաժակ թարմ քամված նարնջի հյութ խմող տղամարդկանց մոտ այդ հիվանդության հավանականությունը նվազել էր 47 տոկոսով։
«Նարնջի հյութն ու կանաչ տերևավոր բանջարեղենն առավել դրականորեն էին ազդում ամենատարեց մարդկանց հիշողության ու մտածողության վրա»,- եզրափակեցին փորձարարության հեղինակները։
Պատրաստեց 168.am-ը