Թաիլանդը կհատի կաուչուկաբեր ծառերը՝ կրճատելով դրա արտադրությունը
Թաիլանդը, որն աշխարհում բնական կաուչուկի խոշորագույն արտահանողն է, պլանավորում է հինգ տարում մեկ երրորդով կրճատել դրա արտադրությունը՝ գների բարձրացում ապահովելու համար, որոնք 2016 թվականից ի վեր պահպանվում են ամենացածր նշագծերի վրա։
Թաիլանդի կառավարությունը պլանավորում է հատել ամենահին ծառերի մի մասը եւ դրանք փոխարինել այլ մշակաբույսերով, հայտարարել է երկրի գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարար Գրիսադա Բունրաքը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ խնդիր է դրված բնական կաուչուկի տարեկան արտադրությունն ընթացիկ 4,5 միլիոն տոննայից նվազեցնել մինչեւ 3 միլիոն տոննա:
Վերջին ութ տարում բնական կաուչուկն էժանացել է ավելի քան կիսով չափ: Այժմ համաշխարհային տնտեսության աճի թուլացումը, անցյալ տարվա վերջին ամիսներին նավթի գների անկման հետ մեկտեղ, նոր սպառնալիքներ է ստեղծում ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ կաուչուկ արտադրող երկրների համար:
Բնական կաուչուկ արտադրող երեք առաջատար երկներները՝ Թաիլանդը, Ինդոնեզիան եւ Մալայզիան, հունվարի 19 – 20-ը հանդիպում կանցկացնեն Բանգկոկում՝ քննարկելու արտահանման պլանավորվող կրճատումը եւ ճյուղի օժանդակման այլ միջոցառումներ: Մասնավորապես, քննարկվում է արտադրանքի ավելի լայն օգտագործումը սեփական տնտեսությունում, այդ թվում՝ ճանապարհների կառուցման համար: Այժմ այդ երկրների կողմից արտադրվող կաուչուկի գրեթե 90 տոկոսը գնում է արտահանման, հաղորդել է «Ինտերֆաքսը»: