«Այս իշխանությունները սուտ խոսելը պետք է վերջացնեն». Տիգրան Հեքեքյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին է պատկանում 1995 թվականից:
Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:
Երեկ՝ հունվարի 11-ին, փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ):
«Ոչինչ չի արվում։ Այսինքն՝ ստացվում է, որ կամ անարգում եք, չեք կատարում վարչապետի հրամանը, կամ մնացածը թատրոն էր։ Մենք շաբաթը մեկ քաղաքապետարան նամակ ենք գրում և նման է, որ մենք անապատում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ միաժամանակ հայտնելով, որ այս հարցով դիմելու են դատարան:
«Պարոն Սերմաքեշը, ասում են, շատ հայրենասեր մարդ է, իր հայրենասիրությունը երևաց, նրանք քանդում են պատմական հուշարձանը և հասցրել են նրան, որ մեր երգչախումբը 4-5 ամիս է չի գործում»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հայտարարությունը տեղադրվեց Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նա հայտնում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:
«Ինքս պարոն Հեքեքյանի հետ 1-2 տարածք եմ գնացել, փորձել մեր ենթակայության ներքո գտնվող կառույցներից մեկը ընտրել, որտեղ հնարավոր կլինի շարունակել աշխատանքները, բայց որոշակի մասնագիտական հարցերում պարոն Հեքեքյանը նշում էր, որ այս տարածքները իրենց պայմաններով չեն կարող համապատասխանել նորմալ ստեղծագործական գործընթաց անցկացնելու համար:
Երկրորդ փուլում սկսցինք փնտրել տարածք, որը հնարավոր էր վարձակալել: Կար մեկ տարածք, որով պարոն Հեքեքյանը հետաքրքվեց ու ասաց, որ եթե վերանորոգման աշխատանքներ կատարի սեփականատերը, հնարավոր կլինի աշխատել: Այնուհետև որոշակի թղթաբանական խնդիրներ առաջ եկան, որովհետև այն պայամանգիրը, որն առաջարկվել էր շինարարությունն իրականացնող ընկերության կողմից, որ իրենք էին պարտավորվել վարձակալության խնդիրները հոգալ, չէր գոհացրել պարոն Հեքեքյանին:
Հունվարի 11-ին՝ մինչև դեպքը տեղի ունենալը, ևս մեկ անգամ հանդիպել ենք, քննարկել առկա խնդիրները և արդեն երկուշաբթի պատրաստվում ենք եռակողմ հանդիպում անցկացնել, որպեսզի այն պայմանագրային դրույթները, որոնք չէին գոհացնում պարոն Հեքեքյանին, քննարկվեին, ստորագրվեր վարձակալության պայմանագիրը: Վարձակալության գումարը ամեն ամսվա համար 2500 դոլար է: Մեզ համար կարևոր է, որ խնդիրն օր առաջ լուծվի»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով առաջարկված տարածքի մասին, նկատեց.
«Ոչ մեկ մեզ որևէ տարածք չի առաջարկել: Փորձել են մեզ համար տարածք գտնել ու չեն գտել: Մոտ մեկ ամիս առաջ Վիրաբյանի հետ գնացել ենք առաջարկված տարածք, ինքը ինձ հետ միասին մտել ու տեսել է, որ ցուրտ է, չի ջեռուցվում, հազար խնդիր կա, հասկացել է, որ մտացած տարածքը չստացվեց ու այդպես մնացել ենք: Մենք ենք գտել տարածք, հիմա առաջարկել ենք հասկանալ, թե ո՞վ է վարձակալության գումարը տալու: Երկուշաբթի պայմանավորվել ենք հանդիպել»:
Ինչ վերաբերում է Վիրաբյանի այն խոսքին, թե երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, Տիգրան Հեքեյանն ասաց. «Այս իշխանությունները սուտ խոսելը պետք է վերջացնեն: Հոգածությունն ինչո՞վ է արտահայտվել, գրկե՞լ են մեզ»:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված:
Անի Կարապետյան