«Եթե գործընթացը դադարի, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարևորությունը»

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացը, որը հնարավոր կդարձնի համաձայնագրի ողջ ծավալով կիրարկումը, անորոշ փուլ է մտել: 2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ-ում  միաձայն վավերացված, հունիսի 1-ի մասնակի կիրարկման փուլ մտած համաձայնագիրը հայաստանյան ներքաղաքական զարգացումների պատճառով ետին պլան մղված համաձայնագրի շուրջ աշխատանքների վրա օրերս ուշադրություն հրավիրեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ մեկ տարվա ընթացքում համաձայնագիրը ստորագրել է ԵՄ անդամ երկրներից միայն 9-ը` Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա, այնինչ Հանրապետական իշխանությունը, նրա խոսքով, խնդիր էր դրել այս գործընթացն ավարտին հասցնել 1.5-ից 2 տարվա ընթացքում: Նա ուշադրություն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ համաձայնագիրը չեն վավերացնել նույնիսկ ԵՄ  ծանրքաշայինները` Ֆրանսիան ու Գերմանիան:

Աշոտյանը մտահոգություն էր հայտնել, որ մինչ ԵԽ-ում մայիսին սպասվող ընտրություններն այս գործընթացը չի ավարտվի, իսկ դրանից հետո պարզ չէ, թե ինչ ընթացք կունենա՝ հաշվի առնելով սպասվելիք վերադասավորումները: «Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը»,- նշել էր Արմեն Աշոտյանը:

Ավելին, ՀՀԿ փոխնախագահը՝ հղում անելով իր աղբյուրներին, նաև հայտարարել էր, որ ՀՀ ներկայացրած ճանապարհային քարտեզի  նախագիծն անխնա կերպով քննադատվել էր Բրյուսելում, ուստի լրացուցիչ մշակման անհրաժեշտություն է առաջացել:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն անդրադառնալով տվյալ խնդրին՝ ասաց, որ առաջիկա ամիսներին  ևս որևէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ  չի կանխատեսում: Նրա խոսքով, որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները:

Ստյուարտը հիշեցրեց նաև, որ մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, և որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը և Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը:

«Ի դեպ, տեսնում ենք, որ Հայաստանի ներքին օրակարգը բավականին հագեցած է, և այս իրավիճակում որքանո՞վ թեկուզ ամիսներ անց Հայաստանը կկարողանա ողջ ծավալով զբաղվել համաձայնագրով՝ չեմ կարող ասել»,- նկատեց նա: Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ թվում է, թե Եվրոպական հանձնաժողովը միայն պետք է զբաղվի ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից այս համաձայնագրի վավերացմամբ:

«Այո, դա ճիշտ է, ԵՀ-ը պետք է զբաղվի, սովորաբար այդպես էլ արվում է, դիվանագիտական խողովակներն են գործի դրվում, և այլն: Սակայն կիրարկող երկիրը ևս նման պահանջ պետք է դնի՝ ողջ աշխատանքը չթողնելով միայն ԵՀ-ի վրա: Սա երկկողմանի համաձայնագիր է, նման դեպքերում դիվանագիտությունն այդպես է աշխատում: Մեկ այլ դիտարկում այս մասին ևս ունեմ, մասնակի կիրարկումը սկսված է, ես տեղյակ չեմ` այս ընթացքում արդյոք այդ ուղղությամբ հաջողություններ գրանցվե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանը ջանասիրաբար զբաղվե՞լ է կիրարկմամբ, թե՞ ոչ: Կարող եմ կանխատեսել, որ՝ ոչ, քանի որ հաջող կիրարկումն ուղերձ կլիներ ԵՄ անդամ երկրների համար այն մասին, որ պետք է արագացնել վավերացումը, որ համաձայնագիրն իր ողջ ծավալով հարկավոր է Հայաստանի իշխանություններին: Բայց գործընթացը մեծ թափով առաջ չընթացավ, սա ևս ազդում է ԵՀ մոտեցումների վրա, և գուցե մայիսյան ԵԽ ընտրություններից հետո ևս համաձայնագրի եվրոպական վավերացումը շատ դանդաղ ընթացք ունենա, դա կախված է լինելու Հայաստանի ցանկությունից»,- հավելեց Ստյուարտը:

Իսկ թե ինչու Գերմանիան դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ Ստյուարտն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարի Բեռլին կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել էր այդ հարցը: «Կարծում եմ` դա իրեն երկար սպասեցնել չի տա: Ներքաղաքական օրակարգ գոյություն ունի նաև այս երկրներում, որոնք կարող են ետ մղել այս հարցի կարևորությունը: Այնուամենայնիվ, ոչ միայն այս երկու կենտրոնական երկրների, այլև մեծամասնության կողմից համաձայնագրի դեռևս չվավերացման փաստը նշանակում է, որ գործընթացն ընդհանուր առմամբ փոքր-ինչ անտեսվել է թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի կողմից: Նոր թափ հաղորդելու կարիք կա այս ամենին»,- ասաց Ստյուարտը:

Իր հերթին՝ ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարևորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, և Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:

«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն Եվրոպական միությանը: Սա դեռ երկու կողմերի միջև հարաբերությունների նաև վերանայման գործընթաց է, քանի որ իշխանություններ են փոխվել Հայաստանում, ամիսներ անց փոփոխություններ կլինեն նաև ԵՄ-ում, ինչն էականորեն անդրադառնալու է գործընթացի ժամկետների վրա: Նոր պաշտոնյաների քաղաքական կամքը ևս, ինչ խոսք, կարևոր  գործոն է դառնալու:

Համաձայն չեմ, որ իր կարևորությունը կորցնում է համաձայնագիրը նման երկարաձգման պատճառով: Ամեն երկիր, ամեն իշխանություն իր արագությունն ունի, և հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցածը, ԵՄ-ում ուշադրությամբ հետևում են այն ամենին, ինչ կատարվում է: Երբ էլ որ վերջնականապես վավերացվի համաձայնագիրը, այն կլինի կարևոր  գործիք կողմերի համար, Հայաստանի համար բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն, նոր հնարավորություններ բացելով ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության համար»,- ասաց Չարնեցկին:

Լեհ ԵԽ պատգամավորը գտնում է, որ արդեն հիմա ԵԽ-ում և ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով նաև, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում:

«Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել: Իմ կանխատեսմամբ, մինչև տարեվերջ մի քանի երկիր ևս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի, սա իմ կանխատեսումն է պարզապես, հստակ տեղեկություններ չկան: Այսինքն` իմ կարծիքով, գործընթացը ավարտին կհասնի մյուս տարի: Սակայն չի բացառվում, որ մեզ անակնկալներ մատուցեն կողմերը, որը քիչ հավանական է:

Այնուամենայնիվ կարծում եմ` Հայաստանը ունենալով իրավունք օգտվել համաձայնագրից, պետք է ժամանակ չկորցնի՝ օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք արդեն հասանելի են ՀՀ կառավարությանը: Հուսանք, որ ՀՀ կառավարության կազմի հաստատումից հետո մենք դրական լուրեր կլսենք այս մասին:

Այս հնարավորությունը ԵՄ-ն ստեղծել է հենց նման դեպքերի համար, որպեսզի երկիրը կարողանա որոշակիորեն օգտվել համաձայնագրից, քանի դեռ ԵՄ-ում շարունակվում են վավերացման ընթացակարգերը, որոնք իսկապես երկարաձգվում են նույնիսկ երբեմն ոչ ընտրական փուլերում պայմանավորված այս կամ այն երկրի ներքին զարգացումներով, ԵՄ անդամ երկրների տրամադրություններով ու տարաձայնություններով:

ԵՄ-ի կողմից խնդիրները ավելի հաճախ են լինում, քանի որ ԵՄ-ն այդքան էլ միատարր չէ, 28 երկրների շարքում հաճախ որոշ խնդիրներ են առաջանում: Այս ամենը բարդ աշխատանք է: Բայց դա կարող է չխոչընդոտել Հայաստանին կատարել իր աշխատանքը քաղաքական կամքի պարագայում»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս