
«Արամ Սիմոնյանը երևույթների մասին խոսել է՝ խեղաթյուրելով ամբողջ փաստերը». Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ու սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձան բացառապես Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:
«Արամ Սիմոնյանն արդեն երևույթների մասին խոսել է՝ խեղաթյուրելով ամբողջ փաստերը: Այդ ե՞րբ հասցրեցին կարդալ, մարդ չի հասկանում: Երկու ժամում խորը պատկերացում ունեին, թե ինչի՞ մասին է խոսքը: Մենք շատ մանրամասներ չենք ներկայացնի, բայց վստահեցնում եմ, որ խայտառակ փաստեր կան, և իրավապահ մարմինները կներկայացնեն, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց պետ Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Ադյաննն էլ կետ առ կետ անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի ասուլիսին: Նա մեջբերեց Ա.Սիմոնյանի հայտարարությունը, թե՝ «2015 թվականին շինարարություն իրականացնող մարմինը աղբաթափումներ է իրականացրել, այսինքն՝ այդ հին, քանդված շինարարական աղբը տարել է Երևան քաղաքի այն մասը, որտեղ որ աղբը սովորաբար թափվում է ամբողջ քաղաքի: Իրենք ասում են, որ այդ ընկերությունը չի ներկայացրել այդ աղբաթափության մասին համապատասխան փաստաթղթեր, որ ինքը վճարել է դրա համար: Բայց դա իմ խնդիրը չէ: Ես դիմել եմ այդ շինարարական կազմակերպությանը, նա ասել է, որ ինքն ունի այդ համապատասխան փաստաթղթերը: Դա իմ խնդիրը չէ: Եվ նման այլ տարօրինակ բաներ»:
Մեջբերելուց հետո նա հայտարարեց, որ այս ամենն «ամբողջությամբ սուտ է և ապատեղեկատվություն է»:
«Նման բան ոչ միայն չի գրվել, արձանագրվել, այլև բանավոր քննարկում չի եղել: Ի՞նչ է հայտնաբերվել: Նախ սկսենք ընթացակարգից: 2015թ. հայտարարվել է գնումների բաց ընթացակարգ՝ շինարարության իրականացման նպատակով: Մասնակցել է 9 հոգի, որոնցից 8-ը ներկայացրել են գնային առաջարկներ՝ 210-279 միլիոն դրամի շրջանակներում՝ առանց ավելացված արժեքի հարկի: Եվ մի անձ ներկայացրել է 397 մլն դրամ: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են՝ բացի 397 մլն դրամ առաջարկողինը:
Ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի խմբի կողմից ուսումնասիրվել է, թե արդյո՞ք հիմնավոր է եղել առավել ցածր գնային առաջարկներ ներկայացրած մասնակիցների մերժումը, որի արդյունքում պարզվել է, որ գերակշիռ մասով եղել է ոչ հիմնավոր: Եղել է բողոք՝ այս ընթացակարգի հետ կապված, որի արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը նշել է, որ պետք է այսինչ կազմակերպության մերժումը համարել ոչ հիմնավոր և անվավեր ճանաչել որոշումը, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունեցել ԵՊՀ գործողությունների հետագա ընթացքի վրա: ԵՊՀ-ն, արդյունքում, առանց որևէ ընթացակարգի՝ 397 մլն դրամ առաջարկողից իրականացրել է իր գնումը:
Կրկին բողոք է եղել, որտեղ նշվել է, որ որոշումն անօրինական է, բայց անտեսվել է այն, ու իրենց համար ցանկալի անձի հետ են կնքել պայմանագիր, որն էլ իրականացրել է շինարարությունը: Այդ բարձր արժեքով պայմանագիր կնքած ընկերությունը հետագայում շինաշխատանքներ է իրականացրել, կազմակերպության եկամուտների շուրջ 90 տոկոսը ԵՊՀ հիմնադրամից է: Այսինքն, այդ ընկերությունը ստեղծվել և աշխատել է բացառապես ԵՊՀ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:
Ուսումնասիրվել է նաև շինարարությունը, բացահայտվել է շուրջ 24 միլիոն դրամի ծավալային հավելագրում, 17 միլիոն դրամի պայմանագրով նախատեսված միավոր գներից թանկ գնով շինաշխատանքների իրականացում, բացահայտվել է նաև գերշահույթ: Եվ այն ընկերությունը, որը կազմել է շինաշխատանքների նախահաշիվը, և այն ընկերությունը, որը արդեն կատարված շինաշխատանքների տեխնիկական հսկողություն է իրականացրել, նախահաշիվ կազմող ընկերության տնօրենը հանդիսանում է տեխնիկական վերահսկող ընկերության ինժեները: Այսինքն, այստեղ ունենք մի շղթա»,- մանրամասնեց Դավիթ Ադյանը:
Պահնորդական ծառայության մրցույթի մասին ԵՊՀ-ն հայտարարել էր, թե կարող էին ոչ թե 50 մլն դրամի պայմանագիր կնքել, այլ ավելի ցածր գնով: Դավիթ Ադյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով, արձանագրվել է հետևյալը:
«2015 թվականին բաց ընթացակարգ է սահմանվել, նախատեսվել է, որ կազմակերպությունը մինչև 2019 թվականը պահնորդական ծառայություն կմատուցի: Նշվել է պայման, որ ընկերությունը պետք է ունենա նախկինում բուհերում պահնորդական ծառայություն իրականացրած փորձ: Երեք ընկերություն է մասնակցել, որից երկուսն ունեցել է նման փորձ, մեկը՝ ոչ: Որ ընկերությունը չի ունեցել, զբաղեցրել է առաջին տեղ: Նախատեսվել է, որ պայմանագիրը պետք է գործի 2015-2019 թվականը, սակայն տեխնիկական բնութագրում գրվել է՝ ծառայության մատուցումը միայն 2015 թվականի 8 ամսվա համար: Ինչը, ըստ Դավիթ Ադյանի, խախտում է: Դրանից բացի, պայմանագիրը կնքելուց հետո 2 ամիս անց պայմանագրի միավորի գինը բարձրացվել է 12 տոկոսով:
«Մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է թանկանալ: Սա խախտում է: Հղում է կատարվում օրենքի այն դրույթին, որտեղ խոսվում է գործոնային գնի մասին, սակայն հստակ կա սահմանում, գործոնների փոփոխության ազդեցությամբ կարող է փոփոխվել այդ գինը, սակայն գինը կարող է փոփոխվել միայն 3 տարին գերազանցող ժամկետի համար»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ Արամ Սիմոնյանն իրենց ցանկացած գործողություն կարող է վիճակել դատարանում, իրենք պատրաստ են:
Բանախոսները նշեցին, որ ԵՊՀ-ում իրենց ուսումնասիրությունը տեղի է ունեցել ոչ թե օգոստոսից, այլ հոկտեմբերից:
Անի Կարապետյան