Բաժիններ՝

«Կառավարությունը կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ». Դավիթ Անանյան

Հայաստանում 2018թ. ամռանն իրականացրած նորամուծությունը, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ասեմ, որ այդ 50 կիլոգրամներով, բավականին մեծ քանակությամբ, մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ  դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց  բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում  դատարկել են իրենց բեռը, ու մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- ասաց Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, ու ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը՝ 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ:

«Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակչությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս