Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը. ոստիկանության պարզաբանումը
ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:
Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում այսօր ԶԼՄ-ներում:
Տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից:
Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:
Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն՝ կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։
Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»: