
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները. Reuters

Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առեւտրական աղբյուրներ:
«Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր զրոյի: Բայց դեկտեմբերին Թուրքիան իրանական նավթի մատակարարումներն ստացել է երկու լցանավից, որոնց ծավալը հավասար էր օրական 54 հազար բարելի»,-հայտնել է գործակալությունը:
Գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ եւ Refinitiv Eikon-ի տվյալները, հավելում է, որ հունվարին Թուրքիան նույնպես մտադիր է իրանական նավթ ստանալ Sinopa լցանավից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին:
Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Թուրքիային տրամադրված բացառության շրջանակներում երկիրը կարող է տարեկան ներմուծել 3 մլն տոննա կամ օրական 60 հազար բարել նավթ: Դրա հետ մեկտեղ մինչեւ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների վերականգնման մասին հայտարարելը Թուրքիան օրական գնում էր շուրջ 200 հազար բարել իրանական նավթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: