Բաժիններ՝

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորն ամփոփել է Kaspersky Start Russia մրցույթի արդյունքները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորն ամփոփել է Kaspersky Start Russia մրցույթի արդյունքները, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է կանխատեսել մոտ ապագայում իրական սպառնալիքների հայտնվելը և այդ կանխատեսումներին արդյունքում առաջարկել պաշտպանական լուծումներ, որոնք կվերացնեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր վտանգները։ Մեկ միլիոն ռուբլի մրցանակային ֆոնդը բաժանվել է երեք հաղթողների միջև, որոնք ստացել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ինկուբատորում նախագծերի վրա աշխատանքը շարունակելու հնարավորություն։

Մրցույթը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերին։ Մեկ ամսվա ընթացքում ներկայացվել է 188 հայտ։ Ինկուբատորի փորձագետներն ընտրել են 60 հետաքրքիր գաղափար, որոնցից երկրորդ փուլ են անցել 27 առավել հեռանկարայինները։ Մասնակիցները երրորդ փուլ անցնելու և եզրափակչում հայտնվելու համար պիտի լրամշակեին նախագծերը մեկ ամսից պակաս ժամանակահատվածում՝ հաշվի առնելով փորձագետների ցանկությունները։ Արդյունքում՝ եզրագիծ էր դուրս եկել 11 լավագույն գաղափար, որոնցից ժյուրին ընտրել է երեք հաղթողներին։

Առաջին տեղն զբաղեցրել է Scabra նախագիծը, որի հեղինակ Մարիա Կնյազևան Կալինինգրադում ապրող լեզվաբան է, հոգեբան և մանկավարժ։ Scabra-ն երեխայի վիրտուալ բարեկամ է, որը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա և նրան «հսկում է» համացանցում։ Նման օգնականի ծառայությունների պահանջն առաջանում է 10-15 տարեկան երեխաներ ունեցող ծնողների մոտ, երբ երեխաների հաղորդակցման 90%-ը տեղի է ունենում առցանց։

Scabra-ն շփվելու է երեխայի հետ՝ լինելով նրա ապրումների մասնակիցը, և զգալու է երեխայի տրամադրությունը։ Այդ վիրտուալ ընկերը կկարողանա զրույցը կառուցել երեխայի ընթացիկ պահանջմունքների և դիտած բովանդակության հիման վրա։ Բացի այդ, Scabra-ն կզբաղվի գրավոր լեզվի լեզվաբանական վերլուծությամբ, ինչի հիման վրա կձևավորի երեխայի հոգեբանական դիմանկարը։ Բացի այդ, ճգնաժամի առաջացման դեպքում այն երեխային կաջակցի որպես մասնագետ-հոգեբան, որը կստեղծի արդյունավետ երկխոսություն, ինչպես նաև կտեղեկացնի ծնողներին վտանգների հայտնվելու՝ ագրեսիայի աճի, դեստրուկտիվ պահանջների, ոչ տիպիկ հաղորդակցումների կամ տրամադրության կտրուկ փոփոխության դեպքում։

Երկրորդ տեղն զբաղեցրել է Ազգային հետազոտական միջուկային համալսարան «ՄԻՖԻ» (Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ)-ի (НИЯУ МИФИ) ուսանող Բուլատ Այտբաևի «Բոտ-խարդախը» նախագիծը։ Մոտ ապագայում վիրտուալ օգնականներին առօրյա խնդիրների պատվիրակումը կդառնա սովորական գործելաոճ։ Չէ որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները բոտերին թույլ են տալիս կատարել ռեստորանում սեղանների ամրագրում, նշանակել հանդիպումներ, կազմակերպել հանգիստը և գործուղումները, ինչը նկատելիորեն մեծացնում է մարդու աշխատանքի արդյունավետությունը։

Վիրտուալ օգնականները կկենտրոնացնեն արժեքավոր անհատական տեղեկատվությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում կիբեռհանցագործների համար, որոնք իրենց հերթին նույնպես ավտոմատացնում են և մասշտաբավորում գրոհների սցենարները (հատկապես՝ բարդ գրոհների՝ սոցիալական ինժեներիայի տարրերի կիրառումով)։ Այսպիսով, ծառայությունների օգնականներ կոտրելու համար կնետվեն բոտ-խարդախների «բանակներ», որոնք ունակ կլինեն շփվել մարդկանց (կամ նրանց օգնականների) հետ, կրկնօրինակել նրանց շփման ոճը, նրանց ընտանիքների կյանքի փաստերը, հետաքրքրությունների ոլորտները, աշխատանքի օրացույցը, այլ անհատական կամ գաղտնի տեղեկատվություն։ Այժմ գրոհել կարելի է ոչ թե մեկ, այլ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր բոտերով՝ ըստ եզակի սցենարի, որն ընտրվում է յուրաքանչյուրիս համար առանձին։ Մենք թևակոխում ենք լավ և վատ անհատական օգնականների դարաշրջան։

Երրորդ տեղը զբաղեցրել է տեղեկատվության պաշտպանության ապարատային միջոցների նախագծող Վլադիմիր Սմիրնովի «Ֆիզիկապես չկլոնավորվող գործառույթներ» նախագիծը։ Այս լուծումը պահանջված կլինի AR/VR և AI-համակարգերի բուռն զարգացող շուկայում, որտեղ կարևոր դեր կխաղան նույնականացման հուսալի համակարգերը, որոնք կօգնեն տարբերել իրական մարդուն չարագործից կամ բոտից։ Վլադիմիրն ուշադրություն է դարձրել նույնականացման ժամանակակից կենսաչափական համակարգերի թույլ տեղերի վրա, որոնց պատճառով դրանք հնարավոր է կոտրել, և առաջարկել է լուծում՝ հատուկ ինտեգրալ միկրոսխեմաների արտադրության տեսքով։ Նման միկրոսխեմայի ֆիզիկական կրկնօրինակ կամ մաթեմատիկական մոդել ստեղծելն անհնար է, ընդ որում՝ կոտրելու դեպքում այն կարելի հեշտ փոխարինել մեկ ուրիշով։

«Մենք գնահատում ենք մարդկանց, ովքեր չեն հանձնվում և զարգացնում են իրենց առաջնորդի որակները։ Նրանք հաստատ պետք կգան աշխատանքում։ Մենք գտնում ենք, որ չի կարելի անտեղի ծախսել գիտելիքի հուրն ու պաշարը։ Եվ եթե կա ապագայի շուկայի հետ աշխատելու ցանկություն, արժե հնարավորինս արագ ձևակերպել մի քանի բիզնես-վարկած, գնահատել դրանք ֆինանսական տեսանկյունից և ստուգել։ Մեր մրցույթում մենք ջանացել ենք հայտնաբերել ապագայի հիմնախնդիրները, որոնք մեծ հավանականությամբ կառաջանան ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ընթացքում, օրինակ, այն ռիսկերը, որոնք կապված են վիրտուալ իրականության, ավտոմատացված օգնականների, և, ընդհանուր առմամբ, մարդու «խելացի» շրջապատի հետ։ Բացի այդ, Kaspersky Start Russia-ի շնորհիվ մենք գտել ենք հենց այն մարդկանց, որոնց սպասում ենք մեր ինկուբատորում, որպեսզի օգնենք նրանց ստեղծել նոր, որակյալ և հեռանկարում պահանջված պրոդուկտներ»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներդրումների և նորարարությունների ուղղության ղեկավար Վարդան Մինասյանը։

Մրցույթի թեմաների, անցկացման փուլերի, մասնակցության պայմանների և ներքին ձեռնարկատերերի կարգավիճակի մասին ավելի մանրամասն՝  www.kasperskystart.com կայքում։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս