Տան միակ մինուճար, հայի ձեռքով հրազենային վնասվածք ստացած 19-ամյա զինվորի ծնողների հույսը Նիկոլ Փաշինյանն է. shamshyan.com
SHAMSHYAN.com-ը 2018 թ.-ի դեկտեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու մասին, երբ 19-ամյա զինվորը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Այսօր՝ հունվարի 5-ին, 19-ամյա զինվորի ՝ Ռաֆիկ Վահանյանի հարազատները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մանկուց մեր մինուճար տղային սովորեցրել ենք հայրենասիրություն, նա բարձր առաջադիմությամբ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինքնակամ կիսատ է թողել ուսումը և մեկնել ծառայության: Ծառայությունը անցկացնում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում: Ամեն անգամ նրա հետ խոսելիս, միշտ ասում էր. «Հպարտ եմ, որ Արցախի Հանրապետությունն եմ պաշտպանում, հպարտ եմ, որ առաջնագիծը պաշտպանող տղերքից եմ», ու միշտ ասում էր. «Իմ ծառայության միջոցով պաշտպանում եմ նաև Հայաստանի քաղաքացիներին, ծնողներիս, իմ ընտանիքը»:
Չարաբաստիկ լուրի մասին տեղեկացանք 2018 թ.-ի դեկտեմբերի 16-ին, որ երեխան աչքի մասում հրազենային վնասվածք է ստացել: Մեր երկար աղմուկից հետո Ստեփանակերտի հոսպիտալից երեխային տեղափոխեցին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, որտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո երեխան իր բուժումը շարունակում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Մեզ այս պահին այնքան չի հետաքրքրում կատարողին ու նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որքան երեխայի առողջությունը: Երեխան վախի մթնոլորտում մեկ այլ հիվանդություն էլ է ձեռք բերել՝ արյան լեյկոզ ու անգամ վախենում ենք այդ մասին երեխային ասել: Հայաստանում հնարավոր չէ ոսկրածուծի փոխպատվաստում կատարել, անգամ այդ մասին մեզ հետ զրույցում ասում են բժիշկները: Մեր հույսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, քանի որ վստահ ենք՝ նա շատ լավ գիտի ինչ բան է զինվորի ծնող լինելը, քանի որ նա էլ կարող էր որոշ մարդկանց նման իր երեխային չուղարկել ծառայության, բայց նա նույնպես իր տղային ծառայության ուղարկեց Արցախի Հանրապետություն ու մենք որպես ծնող, որպես հայ մարդ ցանկանում ենք բոլոր զինվորներին, այդ թվում՝ Ն. Փաշինյանի տղային, բարի ծառայություն, բարի վերադարձ, որ նրանք առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:
Հիմա մենք էլ Ն. Փաշինյանից խնդրում ենք, որ թեկուզ աչքից վիրավոր մեր տղային օգնեն՝ բուժումը ստանալու արտերկրում: Անգամ անալիզի գումարները մենք բարեկամներով, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող, մեր միջոցներով ենք հավաքել, բայց փոխպատվաստման ծախսը խոշոր չափի գումար է, իսկ մենք անգամ եթե մեր տունն էլ վաճառենք, չենք կարող այդ հարցը լուծել: Խնդրում ենք վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին, որ նա օգնության ձեռք մեկնի հայրենիքի համար միշտ պատրաստ գտնված, հայրենակցի կողմից հրազենային վնասվածք ստացած ու որոշ վայ հայրենասերների մեղքով քար անտարբերության մատնված վիրավոր զինվորին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում