
Արտակարգ ավտովթար Երևանում. երիտասարդ աղջիկը Չարենցի փողոցում Mitsubishi-ով մխրճվել է խանութի մեջ. նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 22-ամյա Լիաննա Ավենյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի 69 NO 069 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին, կոտրել մի քանի վարդի թփեր և մխրճվել սեփական տան փոքրիկ այգու մեջ, այնուհետև բախվել խանութի պատուհանին ու դռանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի, փաստի առթիվ էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Վարորդին առաջինը օգնության են հասել խանութի տերերն ու քաղաքացիները: