«Չեմ կարծում, որ մշակույթը, գիտությունը և կրթությունը կմիաձուլվեն, դրանք անջատ են մնալու». Լիլիթ Պիպոյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի կարծիքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը ԿԳ նախարարությանը միացնելը ճիշտ որոշում է, քանի որ դրանով նախարարությունը չի ոչնչանում, պարզապես միանում է մեկ այլ նախարարության։
«Կարծում եմ՝ միացնելու դեպքում էլ նախարարությունը շարունակելու է իր գործառույթները, պարզապես նվազելու է պետերի քանակը, նույնիսկ աշխատակիցների թիվը։ Եթե չդիտարկենք այն հարցը, որ կրճատման դեպքում այդքան աշխատակիցներ մնում են առանց աշխատակցի, ապա, ըստ իս՝ իրականության մեջ այդքան աշխատողի կարիք չկա նախարարությունում, քանի որ գործ ունեցել եմ նախարության հետ և այդ ամենը շատ լավ գիտեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Պիպոյանը։
Ըստ նրա, ԿԳ նախարարությանը միանալով՝ Մշակույթի նախարարությանը ոչինչ չի խանգարելու շարունակել իր աշխատանքը, պարզապես կա մոտեցման հարց։
«Իհարկե, պետությունը պետք է մշակութային քաղաքականություն ունենա, այդուհանդերձ չեմ կարծում, որ մշակույթը, գիտությունը և կրթությունը կմիաձուլվեն, նրանք անջատ են մնալու։ Չեմ կարծում, որ դրանից որևէ բան կարող է փոխվել»,- ասաց Լ. Պիպոյանը։
Զվարթ Խաչատրյան