«Պուտինը Ռոբերտ Քոչարյանի գործոնն օգտագործում է՝ որպես գործիք Հայաստանի վրա». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը համաձայն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներով ինչ-որ լուրջ համաձայնությունների ձեռք բերման մասին փաստ չկա, և դա ինքնին խոսուն է։ Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Սաֆարյանը, կարևոր են պատճառները, կամ, ընդհանրապես ի՞նչ է դրված եղել օրակարգում։

«Ենթադրենք՝ գազի գնի խնդիրը եղել է, դրանից բացի, ուրիշ ի՞նչ խնդիրներ են եղել։ Մի բան ակնհայտ է, որ համաձայնություններ չկան։ Նաև ակնհայտ է, որ այցին հաջորդել է Պուտինի շնորհավորելու ակցիան։ Ես ենթադրում եմ, որ այդ հարցը քննարկել են այնտեղ։ Եղավ տեղեկատվություն իբրև թե զրույցի մասին, չգիտեմ՝ Բաղրամյան 26 տելեգրամային ալիքը որքանով ստույգ տեղեկություն ունի, բայց ակնհայտորեն Պուտինը Ռոբերտ Քոչարյանի գործոնն օգտագործում է՝ որպես գործիք Հայաստանի վրա։ Ես չեմ կարծում, որ դա Պուտինի շատ հեռահար ու մեծ նպատակն է, բայց ակնհայտ է, որ փորձում են, այսպես ասած, արհեստական դժգոհություններ, անվստահություններ ստեղծել, բայց խնդիրը շատ խորքային է և այլ դաշտում է, որովհետև ՀՀ իշխանություններն ակնհայտորեն հայտնել են որոշակի դիրքորոշումներ, կատարել են որոշակի քայլեր, որոնք ռուսական ինչ-որ սցենարների են խոչընդոտում՝ ՀԱՊԿ-ի կամ այլ խնդիրներով։

Ես կարծում եմ՝ այս առումով Ռուսաստանը մի կողմից՝ չի կարող հրապարակավ բարձրաձայնել իր դիրքորոշումները, որովհետև դրանց հրապարակումը կարող է խայտառակություն լինել, մյուս կողմից էլ՝ ինչ-որ հարցերի համաձայնեցում կամ կարևոր խնդիրների քննարկում ձգձգելով՝ փորձում է ցույց տալ իր ուժը»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Հարցին, թե հետագայում ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքագետը պատասխանեց, որ այդ հարաբերությունները շատ վաղուց շատ սխալ ուղիով են գնում.

«2012 թ. Սերժ Սարգսյանը, ՀՀ իշխանությունները, իհարկե, չէին բացում ամբողջ պրոցեսը հանրության առջև, բայց այն ժամանակ էլ շատ հաճախակի Սերժ Սարգսյանն անակնկալ թռչում էր Մոսկվա գազի գնի խնդրով։ Եթե բացեք Կրեմլի հաղորդագրությունները, կտեսնեք դա։ Ուղղակի այն ժամանակ երկու կողմն էլ չէին բարձրաձայնում, թե՛ Ռուսաստանը չէր ասում, որ գազային շանտաժ է անում, թե՛ Հայաստանի իշխանությունները չէին խոստովանում դա։ Այսինքն՝ այս հարաբերությունները շատ վաղուց սխալ ճանապարհով էին գնում»։

Ս.Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը կախված է ոչ միայն ռուսական տնտեսությունից և դրա հետ կապված բոլոր ռիսկերից, այլ ընդհանուր առմամբ գազի գնից.

«Այսօր եթե ՀՀԿ որոշ նախկին գործընկերներ քննադատում են, որ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ 2 խնդիր կա՝ Արցախ և անվտանգություն ու տնտեսության զարգացում, որ կախված է գազի գնից, պետք է նաև ասեն, որ այդ կախվածությունն իրենք են բերել։ Եթե շատ վաղուց դրված լիներ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրը, մենք այս վիճակին չէինք լինի։ Առայժմ ցանկացած իշխանություն բախվելու է այս խնդիրներին։

Ներկա իշխանությունները 70-80% վստահություն ունեցող իշխանություններ են և շատ ավելի մեծ արդյունքներ կարող են ապահովել ներքին և արտաքին քաղաքականության մեջ, պարզապես պետք է այդ ամենն անելու համար շատ լավ մտածված ծրագիր, կոնցեպցիաներ, մարտավարություն, ստրատեգիա։ Եթե այդ խնդիրը լուծեն, իրենք այսպես շփոթահար չեն լինի»։

Դիտարկմանը, որ Հայաստանում ընտրությունները կայացել են, Փաշինյանը հաղթել է և, ի վերջո, Պուտինը պետք է դա ընդունի, ի՞նչ է ուզում Պուտինը, Ս.Սաֆարյանը նշեց, որ Պուտինի ուզածն այնպիսի բաներ են, որոնք մենք չենք կարող բավարարել. «Ռուսաստանն այս հեղափոխության արդյունքում լրջորեն կորցրել է ՀՀ-ի որոշումների վրա ազդելու բոլոր նախկին խողովակները։ ՀՀ իշխանությունները հիմա թույլ չեն տա և չպետք է թույլ տան, որ իրենք վերստեղծեն այն մեխանիզմները, խողովակները, որոնցով ազդում էին Սերժ Սարգսյանի վրա։ Իսկ այդ խողովակները կային։

Այստեղ Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի։ Զուտ ազգային շահի տեսանկյունից Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդ շռայլությունը, որովհետև մենք տեսել ենք, թե Սերժ Սարգսյանից ինչեր են կորզվում։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ՌԴ-ն շատ նյարդայնացած է, որ մենք ՀԱՊԿ շրջանակներում կատարում ենք այնպիսի քայլեր, որոնք խոչընդոտում են, օրինակ, ինչպես Լուկաշենկոն բարձրաձայնեց, հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը։ Հայաստանը դրան դեմ է արտահայտվում։

Հիմա մենք կարո՞ղ ենք դա թույլ տալ։ Իհարկե՝ ոչ։ Եվ կապ չունի՝ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը։ Այն ժամանակ էլ մենք պարտավոր էինք իշխանություններին սատար լինել, որոնք այդ խնդիրը մերժում էին, և այժմ էլ պետք է սատար լինենք, եթե իշխանությունները մերժում են այդ զարգացումները։ Այս իրավիճակում Պուտինին կարող է դուր չգալ Հայաստանի խորհրդարանի պատկերը, բայց ի՞նչ անենք։

Եթե նա համարում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ընկերն է, ուրեմն պետք է Քոչարյանի արածները մոռացությա՞ն մատնվեն, ինդուլգենցիա արվի միայն նրա համար, որ նա իր ընկե՞րն է։ Հասկանո՞ւմ եք, բաներ կան, որ նա ուղիղ պահանջել չի կարող, որովհետև պահանջներն օրինական չեն։ Համաձայնեք, որ ղարաբաղյան խնդիրը տեղափոխվի ՀԱՊԿ, համաձայնեք, որ ՀԱՊԿ խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում և Ղարաբաղի կարգավիճակ չորոշվի, համաձայնեք, որ Ռոբերտ Քոչարյանը չդատվի… սրանք պահանջներ են, որ օրինական չեն։ Եվ այս առումով, իհարկե, ՀՀ իշխանությունները դրանք բավարարել չեն կարող»։

Տեսանյութեր

Լրահոս