«Դուք հպարտ վզով տղերք էիք, բա Չավուշօղլուի պորտն ինչո՞ւ տեղը չես դնում, Փաշինյան». Էդուարդ Շարմազանով
«2018թ. մտահոգիչ, խառը տարի էր, և ժողովուրդը գնալով ավելի շատ է մտահոգվելու»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Չավուշօղլուն հայտարարում է, թե Հայաստանը պետք է «օկուպացված» տարածքներից դուրս գա, մեզ մոտ լռություն է։ Բա ձեզ ճղում էիք, հիմա ինչո՞ւ չի խոսում մեր հպարտ կառավարությունը։ Դուք հպարտ վզով տղերք էիք, բա Չավուշօղլուի պորտն ինչո՞ւ տեղը չես դնում, Փաշինյան։ Օրը ցերեկով իշխանավոր ենք ման գալիս, չենք գտնում, որ մեկը խոսի։ Ալիևն ու Մամեդյարովը խոսում են՝ պատասխան չկա, Չավուշօղլուն խոսում է՝ պատասխան չկա։ Ես, Աշոտյանն ու Արփինեն ենք պատասխանում, իրենք չորրորդ օրն են խոսում, էն էլ՝ ավելի լավ է՝ չխոսեն։ Ուժներն ո՞ւմ վրա է պատում, բա, այդպես դուխով տղերք եք։ Լուկաշենկոն խոսեց, ինչ ասես՝ ասաց, Ալիևն ու Մամեդյարովն ինչ ասես՝ ասացին, բա, էդ դուխը հանրապետական գյուղապետերի վրա էր պատո՞ւմ, թե՞ Ռոբերտ Քոչարյանի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Մոսկվա կատարած Փաշինյանի վերջին այցը ևս անարդյունավետ էր. «Որ գնացիր Մոսկվա՝ հարկատուների փողերը մսխելով, ի՞նչ արեցիր, գազի գինն իջեցրե՞լ ես, Արցախի հարցում ի՞նչ ես խոսել, ինչո՞ւ չես քննարկել։ Բա ի՞նչ ես քննարկել, Երևանի տոնածառի սիրունությո՞ւնը։ Դուք նման բան հիշո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանից սկսած՝ մեր նախագահները գնան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ ՌԴ նախագահների հետ հանդիպման և ասեն, որ Արցախի հարց չեն քննարկել։ Բա ի՞նչ եք քննարկել, այսօր Հայաստանի թիվ 1 հարցն Արցախն է, Արցախից է կախված ՀՀ ապագան, Երրորդ Հանրապետության հիմքը եղել է արցախյան շարժումը»։
Շարմազանովը բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ է տեսնում. «Տնտեսությունը գահավիժում է, ներդրումները գահավիժում են, 20 աշխատատեղ են բացում՝ մի շաբաթ լուրերով ցույց են տալիս, երբ հազարավոր տեղերում կրճատումներ են։ Պետական օպտիմալացում է գնում. ձեր օգնականներին, անվտանգության աշխատակիցներին օպտիմալացրեք, ձեր ծախսերը պակասեցրեք։ Պետական կառույցների մի քանի հազար մարդ կրճատվում է, գազի գինը չի իջնում. թող «կուտ» չտան ժողովրդին, ասել են՝ գազի գինը պետք է իջնի, թող իջեցնեն գազի գինը, խոստացել են։ Հիմա անկաշառներով եկել եք՝ գազի, հոսանքի գինն իջեցրեք։
Այդ լոզունգներով եք ժողովրդին խաբել՝ բերել հրապարակ։ Ասում էիք՝ Սերժն այս չի անում, ՀՀԿ-ն այն չի անում, հիմա դուք եք իշխանության, ի՞նչ եք արել։ Մենակ չասեք՝ սրան ենք բռնել, նրանք ենք բռնել, Հիտլերն էլ էր լավ բռնում։ Բացի մարդ բռնելուց, որի պատասխանը ՄԻԵԴ-ում տալու եք, ի՞նչ եք արել: Ասում եք՝ ՀՀԿ-ն վատն էր, այդ «վատ» ՀՀԿ-ն 10 տոկոսանոց տնտեսություն է տվել, այսօր դարձել է 6 տոկոս, Հրանտ Բագրատյանին էլ եթե լսենք, վիճակներս գնալով ավելի է վատանալու։ Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները եղել են 100 մլն, երկրորդ եռամսյակում 11 անգամ կրճատվել են։
Ունեցել ենք իքս քանակությամբ պետական աշխատողներ, Նոր տարուց հետո հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնալու։ Էլ չեմ ասում՝ փիլիսոփայության մասին, որ մշակույթի և սփյուռքի առանձին նախարարություններ չենք ունենալու»։
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ «Սասնա ծռերը» Փաշինյանի օրոք հայտնվեցին ազատության մեջ. «Երկիրը սրա տակից ո՞նց է դուրս գալու։ Մարտի 1-ից եք խոսում, լավ եք անում, որ հետևողական եք, բա ՊՊԾ գնդի 3 զոհերից ո՞վ պետք է խոսի, նրանց երեխաների առջև ո՞վ պետք է պատասխան տա, որ այդ ահաբեկիչներին հանեցիք դուրս, ո՞վ պետք է պատասխան տա, թե՞ ձեռք չի տալիս դրանից խոսելը։ Բա, ես էլ դրանից եմ խոսելու առավոտից երեկո, որ այս իշխանությունները ՀՀ-ի վրա հարձակում կատարած խմբի մեծամասնությանն ազատ են արձակել։
Հիմա ինքը վարչապետ է, որ, Աստված մի արասցե, վաղը չէ մյուս օրը մեկը զենքով գնա ՊՊԾ գնդի վրա, ի՞նչ է անելու։ Էլ չեմ խոսում Շուռնուխում տեղի ունեցած երթի մասին, այս ընթացքում համասեռամոլները մտան ոստիկանության բաժին, ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ»։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ վերջին շրջանում ազատ ժամանակ շատ է ունենում, օգտվում է հանրային տրանսպորտից, մետրո է նստում, ժողովրդի հետ շատ է շփվում և բազմաթիվ բողոքներ է լսում.
«Մի կին հրապարակում մոտեցավ, ասաց՝ Շարմազանով ջան, տեսա՞ր՝ մեզ ոնց խաբեց վարչապետը, ասում էր՝ լավ է լինելու, բայց ավելի վատ է։ Ու այդպես՝ հազարավոր մարդիկ։ Բա ինչո՞ւ այդպես ափալ-թափալ ընտրություն անցկացրին դեկտեմբերին, որովհետև տեսնում էին՝ ոնց է գահավիժում իրենց վարկանիշը։ Փաշինյանը գնում է Հին Հռոմի ներոնական, Կալիգուլայի մեթոդներով՝ ստրկատիրական հասարակարգում են այդպես կառավարել՝ հաց և տեսարաններ։
Հաց չի կարողանում տալ, այսինքն՝ գազը չի կարողանում էժանացնել, աշխատավարձ չի կարողանում բարձրացնել, աշխատատեղեր չի կարողանում ավելացնել, ներդրում չի կարողանում բերել, հաց չկա, ի՞նչ պետք է անի, պետք է տեսարաններ ցույց տա։ Լավ, ժողովուրդն էս 6 ամիսն էլ տեսարաններ տեսավ, հետո՞։ Քաղաքապետն ինչ եկել է՝ ինչքան կետ կա՝ թանկացրել է, բիզնեսին հարցրե՞լ եք, այդ մարդիկ առանց այն էլ՝ լավ վիճակում չեն։ Հասարակ օրինակ՝ արվեստի դպրոցների վարձը թանկացել է, իմ ու մյուսների երեխաները, որ պետք է 10-15 հազարով գնային արվեստի դպրոց, հիմա 20 հազար դրամ են տալու։ Ամեն ինչ թանկացրել են, մարդկանց գցում են փողոց, 800 հազարին ասում են՝ լոդր. միայն ինքն ու իր շրջապատը լոդր չեն, քայլողները լոդր չեն, հա՞»։