«Հնարավոր է, որ մերոնք են գազի գնի բարձրացման անեկդոտի հեղինակը, որ հետո գնան Մոսկվա, հետ գան, ասեն՝ տեսաք, չբարձրացավ». Հրանտ Բագրատյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի թվում, ըստ ամենայնի, քննարկվելու է նաև գազի գնի խնդիրը։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ Ռուսաստանը մտադիր է գազն այսօրվա 150 դոլարի փոխարեն հայ-ռուսական սահմանին վաճառել 215 դոլարով։
Ի՞նչ նախադրյալներ կան գազի գնի փոփոխության համար, ի վերջո, Ռուսաստանն այն կթանկացնի՞, կէժանացնի՞, թե՞ չի փոփոխի։
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ գազի գինը միայն ռուս-հայկական խնդիր չի, դա լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ում։ Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչպե՞ս կփոփոխվի գինը՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչ է մտածում Ռուսաստանը։
«Գազի տերը ռուսներն են, որոնց մոտ հնարավոր է ծախսի փոփոխություն և այլն։ Բայց միևնույն ժամանակ բոլոր մյուս պետությունները՝ Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը, բացառությամբ Ղազախստանի, գիտեք, որ Ղրղզստանը գազը ձեռք է բերում Ղազախստանից, այս գնող կազմակերպությունները բողոքում են, թե ինչու ներքին գներով մեզ չեք վաճառում։ Սա շատ բարդ հարց է, չեմ կարող գուշակել»,- ասաց Հ.Բագրատյանը։
Հարցին՝ միայն Ռուսաստանի բարի կամքի գործո՞նն է, միջազգային շուկայում փոփոխություններ, կարծես, չեն նկատվում, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ գազի գինը, ի տարբերություն նավթի գնի, էական տատանում չի ունեցել դեպի իջեցում, բայց դեպի բարձրացում ևս չի եղել, և առանց տրանսպորտային ծախսերի մեծածախ գինը միջազգային շուկայում տատանվում է 110-120 դոլարի սահմաններում։
Ըստ նրա՝ ավելի էական է գազի գնի փոփոխությունը Հայաստանի սահման հասնելուց հետո. «Այդտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» ներհայաստանյան ծախսերի բաղադրիչի հետ։ Եվ կառավարությունն այդտեղ անելիք ունի, 8 ամիս է աշխատում է, թող լուծեն այդ հարցը»։
Հ.Բագրատյանը բացառեց, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կարողանա քաղաքական ինչ-ինչ համաձայնությունների կամ զիջումների արդյունքում գազի ավելի էժան գին ստանալ. «Ոչ, անհնարին է։ Սկզբունքորեն՝ Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի։ Հնարավոր է, որ մերոնք են գազի գնի բարձրացման անեկդոտի հեղինակը, որ հետո գնան Մոսկվա, հետ գան, ասեն՝ տեսաք, չբարձրացավ։ Խնդիրն այն է, որ այն գազի գինը, որ մեզ համար կհաստատվի, մոտավորապես նույնությամբ կլինի Բելառուսի համար, և պետք է նույն սխեման կիրառվի նաև Ղրղզստանի համար, այսինքն՝ կարող են լինել անհատական չնչին տարբերություններ, բայց էական տարբերություն անհնարին է»։