Իշխանափոխությունից հետո էլ Լեոնիդ Ազգալդյանը չունեցավ ՀՀ հերոսի կոչում և իր անունով կենտրոնական փողոց. Ինչից են վախենում իշխանությունները

Երևանի Լենինգրադյան կամ կենտրոնական փողոցներից որևէ մեկն Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու հարցը մնում է «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով փոխելու» նախաձեռնության՝ նախկին, իսկ այժմ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ դեռևս երեք տարի առաջ նախաձեռնության անդամները մայրաքաղաքի բնակիչներից հավաքել էին մոտ 10 հազար ստորագրություն՝ Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով փոխելու համար։

Սակայն նախաձեռնության անդամների համոզմամբ՝ իրենց նախաձեռնությունը հաջողել է մասամբ, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Լ. Ազգալդյանի անունով կոչվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Լենինգրադյան փողոցը հերոսի անունով չփոխելը նախկին քաղաքապետը բացատրել էր այն հանգամանքով, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են և քույր քաղաքներ են, ուստի պետք չէ, որ Լենինգրադյան փողոցն անվանափոխվի։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում  «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխությունից հետո չեն բարձրաձայնում Լեոնիդ Ազգալդյանի անունով կենտրոնական փողոց ունենալու հարցը, պատասխանեց, որ այսօր քաղաքում կան բազմաթիվ առաջնահերթություններ, և Երևանի ավագանին դրանց համար անցկացնում է նույնիսկ արտահերթ նիստեր։

«Իմ գործընկերներին և քաղաքային իշխանություններին պարզապես չեմ ցանկացել ծանրաբեռնել այս խնդրով, քանի որ այս պահին քաղաքի համար ընդունվում են շատ կարևոր նախագծեր՝ բյուջե, զարգացման ծրագրեր։ Իմ կարծիքով՝ 2019 թվականի հունվարին եթե չլինի, ապա փետրվարին անպայման հանդես կգամ նախաձեռնությամբ»,- նշեց Լ. Զաքարյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով քաղաքային նոր իշխանությունները փողոց կանվանակոչեն, Լևոն Զաքարյանը պատասխանեց՝ իրատեսական է այնքանով, որ հարցին ուղիղ ժողովրդավարական սկզբունքներով պատասխան կտրվի:

«Հարցը կընդունվի նորմալ ընթացակարգով, կդրվի նիստի, թե հետագայում ինչպես կքվեարկեն, սա արդեն ցույց կտա քվեարկության արդյունքները, սակայն վստահ եմ, որ չի անտեսվի, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ»,- ընդգծեց Լևոն Զաքարյանը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար և նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  նախորդ տարի ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բարձրացրել Երևանի փողոցներն անվանափոխելու անհրաժեշտությունը և առաջարկել, որպեսզի Երևանի Կասյան փողոցն անվանափոխվի Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան Հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի, Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը՝  Մոնթե Մելքոնյանի անուններով։

Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլորը մոռացան այս փոփոխությունների մասին, հատկապես՝ Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անավանափոխելու հարցը, քանի որ ընդդիմադիրները նախկին իշխանություններին մեղադրում էին քաղաքական կամք չունենալու մեջ, ըստ նրանց՝ նախկին իշխանությունները վախենալով պաշտոնական Մոսկվայի արձագանքից, Լենինգրադյան փողոցը չեն անվանափոխում։

Ի դեպ, ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով փոխելու վերաբերյալ կա՞ որևէ քննարկում, պատասխանել էր, որ նման քննարկում չկա, և այդպիսի հարցեր քննարկում են միայն դաշինքում։

Նշենք նաև, որ այս հարցը մնացել է միայն անհատ քաղաքացիների ուշադրության կենտրոնում, նոյեմբերի 22-ին՝ Լ. Ազգալդյանի ծննդյան օրը, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը հանդես էր եկել քայլերթ-պահանջով՝ ուղղված Լեոնիդ Ազգալդյանի արժևորմանը և նրան ՀՀ հերոսի կոչում շնորհելուն։ Բայց այս նախաձեռնությունը քաղաքային իշխանությունների կողմից կրկին մնաց անարձագանք։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս