Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել Կոնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից՝ հայտարարելով, թե իրավիճակ է փոխվել»

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանն անօրինական կերպով է նշանակվել այդ պաշտոնում»,- ահազանգում է Օպերային թատրոնի նախկին աշխատակից, իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը:

«Արդեն 7 ամիս է՝ դիմել եմ Մշակույթի նախարարությանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարին՝ ներկայացնելով բոլոր օրինական հիմնավորումները: Հիմնավորուների հետ կապված՝ Մշակույթի նախարարությունը պարզաբանում է ուզել իր իրավաբանական բաժնից, ապա հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն, հետո որոշել են ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խումբ՝ փոխնախարար Նազենի Ղարիբյանի գլխավորությամբ:

Աշխատանքային խումբը հերթական անգամ հաստատել է, որ այո՛, Օրբելյանի, որպես Օպերային թատրոնի տնօրեն, աշխատանքի նշանակման համար հիմք հանդիսացած իրավական ակտն ուժի մեջ է մտել հրամանը տալուց հետո, ինչը հակասում է այդ պահին գործող իրավական ակտի մասին օրենքին:

Երկրորդ՝ Օրբելյանն ընդհանրապես չի տիրապետում հայերենին, այնինչ, Կառավարության 2005 թվականի 224Ն որոշմամբ սա պարտադիր պահանջ է: Նման պահանջ սահմանված է նաև Լեզվի մասին օրենքով: Ավելին, երբ պայմանագրեր էինք կազմում, տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը սլաքով ցույց էր տալիս տեղը, որտեղ պետք է ստորագրեր Օրբելյանը, որովհետև մարդը չի տիրապետում հայերենին: Նույնիսկ Կարինե Կիրակոսյանը պահանջեց զեկուցագրերը ռուսերեն գրել, առաջին ընդդիմացողներից մեկը ես եղա՝ ասելով, որ կարող է՝ վաղն էլ Ճապոնիայից տնօրեն բերեք, պետք է ճապոներե՞ն սովորենք:

Կարդացեք նաև

Նշեմ նաև, որ Կառավարությունը հատուկ 2017 թվականին 883Ն որոշմամբ փոփոխություն է կատարել 224Ն որոշման մեջ, որ Օրբելյանին առանց մրցույթի կարողանան նշանակել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:

Նա, ի դեպ, անգամ ՀՀ քաղաքացիություն չուներ, բայց 1-2 ամսում այդ հարցը լուծեցին: Ավելին՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ տնօրենն իրավունք չունի զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի: Սակայն 2017 թվականի օգոստոսի 2-ից, երբ նշանակվել է տնօրեն՝ շարունակել է համատեղությամբ զբաղեցնել գեղղեկավարի հաստիքը: Սա չի համարվում ստեղծագործական աշխատանք՝ համաձայն Հանրային ծառայության օրենքի: Չհաշված այն, որ թատրոնում կատարվել է կառուցվածքային փոփոխություն, հաստիքացուցակում առանձին տողով գրվել է տնօրեն, մյուս տողում՝գեղղեկավար և գլխավոր դիրիժոր: Այսինքն՝ 3 հաստիք է զբաղեցնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Նաղդալյանը:

Նրա փոխանցմամբ՝ Մշակույթի նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել, իրեն ընդունել է փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ով շեշտել է, որ ճիշտ է, ամեն ինչ կանեն, որ արդարությունը հաղթի, և փոքր-ինչ ժամանակ է խնդրել:

«Տնօրենը, եթե նշանակվել է օրենքի խախտմամբ, նրա լիազորություննները պետք է դադարեցվեին, բայց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը սա կատարելու փոխարեն՝ դեկտեմբերի 21-30-ը Օրբելյանին տրամադրել է չվճարվող արձակուրդ: Սա ինչպե՞ս հասկանանք: Չեմ կարող չնշել, որ խորհրդարանական ընտրություններից հետո տիկին Մակունցի մոտ ինչ-որ վճռականություն նկատեցինք, բայց ավելի ուշ անօրինական կերպով աշխատանքից կրճատված բալետի արտիստ Բորիս Էմինյանը երբ հանդիպել է փոխնախարար Նազենի Ղարիբյանին, նաև այս հարցն է բարձրաձայնել, ով մեզ կարելի է ասել՝ «լուսավորել է», նշելով, թե իբր պատրաստ էին դադարեցնել Օրբելյանի լիազորությունները, բայց իրենց Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել՝ հայտարարելով, որ իրավիճակ է փոխվել»,- նկատեց Քրիստինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ դեռևս անպատասխան է մնացել վարչապետի պաշտոնակատարին ուղղված իր նամակը:

«Մեկ տարի է՝ Օպերային թատրոնում չեմ աշխատում, ինձ հեռացրել են արդարությունը բարձրաձայնելու համար: Այնտեղ եթե մարդիկ սխալ որևէ բան են տեսնում ու փորձում են բարձրաձայնել. հայտնվում են դրսում: Ես պարզապես պահանջել էի վճարել արտիստների գումարները: Կարինե Կիրակոսյանն ինձ ասաց, թե՝ ազատման դիմում գրիր, քանի որ դրանց չկարողացար ձրի պարացնել, ու ես հիմա միլիոն 300.000 պետք ա դուրս տամ: Խոսքը լրացուցիչ վարձատրության մասին է, քանի որ կա հավելավճարների լրացուցիչ ֆոնդ:

Իսկ վերջերս, երբ հանդիպեցի Մշակույթի փոխնախարար տիկին Ղարիբյանին, հարցրեցի, թե՝ տեղյա՞կ եք, որ ամեն ինչ անօրինական է, պատասխանեց, որ՝ այո, բայց խնդրում ենք, մի քիչ համբերեք, հիմա մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև վարչապետը չի թողնում: Չգիտեմ՝ դա ինչքանով է ճիշտ կամ սխալ, բայց ինձ նման կերպ պատասխանեցին»,- պարզաբանեց Բորիս Էմինյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս