![](/banners/BeFunky-design.jpg)
«Կառավարությունը, ըստ էության պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը». Էդմոն Մարուքյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/Edmon1-1.jpg)
Ազգային ժողովի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին:
«Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործադիրը ծրագրում է փոփոխության ենթարկել հիմնականում նախարարությունների, ինչպես նաև որոշ տեսչությունների կազմն ու կառուցվածքը։
Ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ), ինչպես նախկին վարչակարգի օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ։
Ավելին, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության իրավասության ներքո։
Այսինքն, խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում։
Հիշեցնենք, որ այդ մարմիններին խորհրդարանական վերահսկողության տակ առնելու վերաբերյալ դրույթներն առկա են եղել Ելք դաշինքի առաջարկներում:
Այսպիսով, կառավարությունը, ըստ էության պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում, դեմ կքվեարկի նախագծին։
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և նախարարությունների թվի և գործառույթների կրճատմանն ու հնարավոր հետևանքներին, այդ հարցերին կանդրադառնանք առանձին՝ ավելի ուշ»։