«30 միլիոն դրամով ի՞նչ են անելու, 2-10 վերելա՞կ են վերանորոգելու». Երևանի ավագանու ԲՀԿ անդամ
«Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծում վերելակների հիմնանորոգման համար շատ քիչ գումար է հատկացված: 108.7 միլիոն դրամից իջեցվել է 37 միլիոն դրամի, իսկ փոխքաղաքապետն իր մեկնաբանություններում ասում է, թե մենք կատարում ենք նույն աշխատանքը, ինչ այն ժամանակ կատարել են 108 միլիոն դրամով: Այսինքն, փոշիացվել են այդ գումարները: Հիմա հարց եմ տալիս՝ հիմնովի՞ն է ձեր ասածն այն մասին, որ դա փոշիացվել է, և եթե այո, ապա դիմե՞լ եք համապատասխան մարմիններին այդ հարցով, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դա պոպուլիստական հայտարարություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը:
Շարունակելով վերջինիս՝ Արման Աբովյանը նշեց.
«Կարելի էր նույն գումարի չափը պահել, քանի որ հիմա, միանշանակ, փոշիացման մասին խոսք գնալ չի կարող: Կոպեկ առ կոպեկ բոլոր գումարները նպատակային են ծախսվում: 30 միլիոն դրամով ի՞նչ են անելու, 2-10 վերելա՞կ են վերանորոգելու»:
Մարկոս Հարությունյանը, ով Քաղաքապետարանում քաղաքաշինության և հողօգտագործման փոխնախագահն է, խոսեց այս ոլորտում տուրքերը 40 տոկոսով բարձրացնելու մասին՝ այն ոչ ճիշտ համարելով:
«Երևանին պետք է առողջ կառուցապատում՝ ճիշտ վայրում»,- նշեց Մարկոս Հարությունյանը:
Խոսելով աղբահանության ոլորտի կարգավորումների մասին՝ Մարկոս Հարությունյանն ասաց, որ գները կրկին բարձր են, մեկ անձը 200 դրամ է վճարում:
«1քմ հասարակական տարածքի դեպքում՝ 70 դրամ է, հյուրանոցային համալիրի դեպքում՝ 30, պահեստային, արտադրական մասերի դեպքում՝ 8 դրամ: Այստեղ մեկ բացթողում կա:Աղբահանության մասով օրենքի մեջ նշվում է քմ կամ խմ-ով, որը թյուրիմացության առիթ է հանդիսանում: Քաղաքացին քմ-ով է հաշվում, իսկ տեսուչը՝ խմ-ով: Արդյունքում՝ լիարժեք չի կատարվում տուրքերի լիարժեք գանձումը»,- հայտնեց Մարկոս Հարությունյանը:
Անի Կարապետյան