ԿԲ-ն սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է  FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար խիստ պահանջներ սահմանելու մասին: 

«Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները: FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ: Սովորաբար նման ներդրում կամ առևտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին` խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաև չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները և հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը:

Հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար: Մասնավորապես, այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու և ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է:

Միևնույն ժամանակ, ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ»«- ասված է ԿԲ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս