Վիկտոր Համբարձումյանի անվան 2018թ. մրցանակը շնորհվել է վան դեն Հոյվելի, Տուտուկովի և Յունգելսոնի գիտական խմբին
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովը որոշել է 2018թ մրցանակը շնորհել պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելի (Еdward van den Heuvel, Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկով (Александр Тутуков, ՌԴ ԳԱԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա), պրոֆ. Լև Յունգելսոն (Лев Юнгельсон, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա)) գիտական խմբին։ Ինչպես տեղեկացրին մրցանակի հանձնաժողովից, խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի (Anton Pannekoek Institute for Astronomy, University of Amsterdam) և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի (ИНАСАН) կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»։
Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը շնորհել վերոնշյալյալ գիտնական խմբին։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորմանը, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին, 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:
Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Երվանդ ԹԵՐԶՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Նորիո ԿԱՅՖՈՒ (Ճապոնիա), պրոֆ. Միշել ՄԱՅՈՐ (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան ՇՄԻԴՏ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի ՉԵՐԵՊԱՇՉՈՒԿ (Ռուսաստան), պրոֆ. Վահե ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Կատրին ՍԵԶԱՐՍԿԻ (Ֆրանսիա) և պրոֆ. Ջոզեֆ ՍԻԼՔ (Մեծ Բրիտանիա)։
Մրցանակի նախորդ դափնեկիրներն են.
2010 – Միշել ՄԱՅՈՐ (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու ՍԱՆՏՈՒՇ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։
2012 – Յան ԷՅՆԱՍՏՈ (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար, և Իգոր ՆՈՎԻԿՈՎ (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ Տիեզերքի՝ որպես ջերմ տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար։
2014 – Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆ (Իռլանդիա և Գերմանիա)՝ բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար, և համատեղ՝ Իգոր ԿԱՐԱՉԵՆՑԵՎ (Ռուսաստան) և Բրենթ ԹԱԼԻ (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։
2016 – մրցանակը չի շնորհվել։
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թվականին։ Օրը և մնացած պայմանները կհայտարարվեն մինչև հունվարի 15-ը»։